Փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. ՄԻՊ


Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգ փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել և տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում: 


 


«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում Պաշտպանի հաստատություն դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։


 


Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել գործընթացին և հարկ է համարում կրկին ընդգծել իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի առանցքային բնույթն ու դրա պատշաճ երաշխավորման կարևորությունը ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովման տեսանկյունից»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:


 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: 


 


Մեր տեղեկություններով՝ ձերբակալված անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ են:

Դիտումների քանակ3

Leave a comment