2025 թվականին «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն շարունակել է արձանագրել կայուն եւ հետեւողական աճ՝ հատուկ ուշադրություն դարձնելով թվային գործիքների զարգացմանը եւ անհատների ու ընտանիքների համար նոր լուծումներ առաջարկելուն։
Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ
• 2025թ․ ընթացքում Ընկերության ապահովագրավճարների պորտֆելը նախորդ տարվա համեմատ աճել է 13%-ով՝ կազմելով 13․3 մլրդ ՀՀ դրամ։
• Ապահովագրավճարների պորտֆելի կառուցվածքում նշանակալի ծավալ ունեն գույքի ապահովագրությունը՝ ավելի քան 4.2 մլրդ դրամ, առողջության ապահովագրությունը՝ 4․9 մլրդ դրամ եւ ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը (ԿԱՍԿՈ) ՝ 2․2 մլրդ դրամ։ Ընդ որում, ԿԱՍԿՈ ապահովագրավճարների ծավալը համարվում է ՀՀ ապահովագրական շուկայի պատմության մեջ մեկ ապահովագրական ընկերության մասով արձանագրված ամենաբարձր ցուցանիշը։
• 2025թ․ Ընկերությունը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը կամավոր ապահովագրության շուկայում (30.4% մասնաբաժին): Ընդհանուր ապահովագրական շուկայում հավաքագրված ապահովագրավճարների ծավալով Ընկերությունը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը (16.1% մասնաբաժին): Հարկ է նշել, որ Ընկերությունը շարունակում է չմասնակցել պարտադիր ապահովագրության պետական ծրագրերին՝ ԱՊՊԱ եւ սոցփաթեթի շահառուների պարտադիր բժշկական ապահովագրությանը։
• Նախորդ տարվա համեմատ Ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են 30․1%-ով՝ կազմելով 11.5 մլրդ ՀՀ դրամ։
• Զուտ ներդրումային արդյունքը կազմել է 397․4 մլն ՀՀ դրամ, ներդրումային պորտֆելի եկամտաբերությունը՝ 12․6%:
• Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.75 եւ գտնվում է անվտանգ ու կայուն միջակայքում։
«2025 թվականը մեզ համար եղել է շարունակական զարգացման եւ հաճախորդակենտրոն նորարարությունների տարի։ 2025 թվականի ավարտին «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը թողարկել է 1 մլրդ ՀՀ դրամ եւ 2.5 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով պարտատոմսեր, որոնք սպառվել են ընդամենը 4 օրում՝ շուրջ 90%-ը ձեռք բերվելով ֆիզիկական անձանց կողմից։ Սա վկայում է Ընկերության նկատմամբ բարձր վստահության մասին։ Տարեվերջին մենք թողարկել ենք EFES Travel Georgia ճամփորդության ապահովագրությունը՝ Վրաստան ուղեւորությունների համար, ներդրել ենք գնորդի վճարումների ապահովագրություն՝ անշարժ գույք ձեռք բերելիս մեր հաճախորդների ներդրումներն ապահովելու նպատակով:
Շարունակել ենք նաեւ զարգացնել մեր թվային ուղղությունները՝ բջջային հավելվածում ներկայացնելով մի շարք նոր լուծումներ, այդ թվում՝ քարտերի կցագրումը եւ ավտոմատ վճարումների համակարգը, թվային քարտը (wallet card), Roadcare Assistance ծառայությունների պատվերն անմիջապես հավելվածով եւ այլն։ Մեր նպատակը եղել եւ մնում է ստեղծել պարզ, հասանելի եւ վստահելի ապահովագրական լուծումներ յուրաքանչյուրի համար»,- ասել է «ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը:
Շուկայում առաջատար ապահովագրական ուղղությունները՝ ըստ ապահովագրավճարների
ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրվելով 2023 թվականին՝ այն ներկայանում է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով ժամանակակից թվային լուծումներ եւ բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2025թ․-ին հավաքագրելով 13,3 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ 220-ից ավելի փորձառու մասնագետներով Ընկերությունը ծառայություն է մատուցում տարեկան մոտ 200,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցությունները՝ իր հաճախորդներին մատուցելով ժամանակակից եւ մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն եւ հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական եւ ստեղծագործ կողմերի վրա»։