Սյունիքում կզարգացվի ջերմատնային բիզնեսը․ մեկնարկել է «NEXUS Կապան 2» ծրագիրը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է «NEXUS Կապան 2 Ջերմատնային ձեռնարկատիրության կլաստերի ընդլայնում» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Կապան համայնքում ջերմատնային տնտեսությունները և ամրապնդել գյուղ–քաղաք տնտեսական կապերը։ 

Ապրիլի 15-ին  նախաձեռնությունը Կապանի բնակիչներին ներկայացրեց ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Մխիթար Բալայանը, իսկ Կապան համայնքի  ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը պատասխանեց նրանց հարցերին։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել  մինչև 30 մասնակից, որոնք կանցնեն մասնագիտական և բիզնես ուսուցում։ Դասընթացները կներառեն գյուղատնտեսական հմտությունների զարգացում, շուկայի ուսումնասիրություն, ինչպես նաև գնագոյացման ու ֆինանսական պլանավորման հիմունքներ։ 

Ուսուցման փուլը հաջողությամբ ավարտած առավել պատրաստված  և մոտիվացված մինչև 17 մասնակից կստանան հնարավորություն՝ համաֆինանսավորմամբ հիմնելու 300 քմ մակերեսով ժամանակակից ջերմատներ։ 

Նախաձեռնության նպատակն է՝ խթանել տեղական արտադրությունը և մարզային շուկան ապահովել թարմ գյուղմթերքով։ 

Հետաքրքրված անձինք  կարող են դիմել մինչև ապրիլի 25-ը։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել  դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը։

 

Իզա Ասծատրյան

Leave a comment