Թվային տնտեսության եւ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան կարեւոր իրադարձություն Doing Digital Forum-ը (DDF) չորրորդ տարին անընդմեջ է անցկացվել Երեւանում։
«Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո ֆորումը համախմբել էր 30 տեղական եւ միջազգային բանախոսի, այդ թվում՝ առաջատար փորձագետների, բիզնեսի ներկայացուցիչների եւ պետական պաշտոնյաների՝ քննարկելու համաշխարհային թվային ապագան։
Տաթեւիկ Սիմոնյանը
«Այսօր թվային տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն բիզնեսի, այլեւ՝ տնտեսությունների միջեւ կապերի ձեւը՝ կառուցելով նոր կամուրջներ։ Եթե ոչ այդքան վաղ անցյալում այդ կապերը կառուցվում էին պետությունների, բանկերի եւ ավանդական առեւտրային հարաբերությունների միջոցով, ապա այսօր դրանք առավելապես ձեւավորվում են թվային պլատֆորմների, տվյալների եւ ֆինանսական տեխնոլոգիաների շուրջ՝ դառնալով նոր միջավայր, որտեղ ոչ թե ճանապարհներն են միավորում տնտեսությունները, այլ տվյալները, ալգորիթմները եւ թվային ենթակառուցվածքները»,- ասել է Doing Digital Forum-ի հիմնադիր եւ ֆորումի կազմակերպիչ SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նկատել է` չնայած գլոբալ անորոշություններին, ներկա ժամանակաշրջանը նաեւ նոր հնարավորություններ է ստեղծում։ «Հայաստանը, գտնվելով Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում, ունի եզակի դիրք՝ լինելու կամուրջ՝ միացնելով շուկաները, գաղափարները, կապիտալն ու տաղանդները մայրցամաքների միջեւ։ Մակրոտնտեսական կայունությունն ու ինստիտուցիոնալ վստահելիությունն են, որ ապահովում են այդ կամուրջի լինելիության հիմքը: Ճիշտ ֆինանսական եւ թվային ենթակառուցվածքների առկայության դեպքում մեր գործընկերները Հայաստանում եւ ողջ աշխարհում հնարավորություն կունենան նորարարություններ անելու, ներդրումներ կատարելու եւ կառուցելու վաղվա տնտեսությունը»,-ասել է ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ վստահության հիմքով թվային հասարակության եւ տնտեսության ձեւավորումը ՀՀ կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է. «Արհեստական բանականությունը գալիս է հեշտացնելու քաղաքացու կյանքը, վստահության եւ կանխատեսելիության միջավայր ստեղծելու մասնավոր հատվածի, տնտեսության համար, այն գալիս է պաշտպանելու քաղաքացու տվյալները, ստեղծելու ենթակառուցվածքներ, ինչու ոչ ապահովելու նոր միջավայր տեխնոլոգիաների ու նորարարությունների զարգացման համար»:
Ներկայացնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ռազմավարությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ իրականացվում են համակարգային թվային բարեփոխումներ՝ Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական եւ լոգիստիկ հաբ դիրքավորելու նպատակով. «Միջազգային հարկային թափանցիկության, «խելացի սահմանների» եւ էլեկտրոնային առեւտրի ինտեգրման համադրությամբ Հայաստանը ձեւավորվում է որպես բարձր վստահություն վայելող տեխնոլոգիական եւ լոգիստիկ խաչմերուկ՝ տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում արժեք ստեղծելու հստակ հեռանկարով»:
Միջոցառման օրակարգը ներառում էր հիմնական ելույթներ եւ պանելային քննարկումներ, որոնք կենտրոնացած էին արհեստական բանականության (ԱԲ) ագենտների եւ մարդկային ներուժի ներդաշնակ համագործակցության, ֆինանսական կապիտալի եւ տեխնոլոգիական հարթակների փոխկապակցման, ինչպես նաեւ նորարարությանը զուգահեռ կարգավորման դաշտի հավասարակշռման շուրջ:
Այս տարվա հատուկ հյուրը՝ Ant International-ի փոխնախագահ եւ Կայուն զարգացման գծով գլխավոր տնօրեն Լեյմինգ Չենը Unchain-ի կառավարող գործընկեր, ֆինանսների եւ նորարարական էկոհամակարգերի առաջնորդ Դեյվիդ Փոլաքի հետ զրույցի ընթացքում կիսվել է «աջենտիկ առեւտրի» (agentic commerce) իր տեսլականով։
«Արհեստական բանականությունն արդեն դարձել է ֆինանսական ենթակառուցվածքի հիմնական շերտը։ Հաջորդ փուլը ԱԲ ագենտներն են՝ որպես ապագայի առեւտրի ակտիվ մասնակիցներ, ինչը հիմնովին կփոխի փողի էությունը՝ ապահովելով ստատիկ եւ օգտատիրոջ կողմից կառավարվող երեւույթից անցումը դեպի դինամիկ, ծրագրավորվող եւ ավելի ու ավելի ինքնավար միջոցի»:
Իր ելույթում Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի եւ հարավարեւելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ եւ Պրոդուկտների ու լուծումների գծով ղեկավար Ալեքսանդր Յաբլունիվսկին անդրադարձել է վճարային էկոհամակարգի զարգացումներին։ Նա վկայակոչել է Deloitte-ի հետազոտությունը, ըստ որի՝ մինչեւ 2030 թվականը թվային առեւտրի 30 տոկոսն այս կամ այն կերպ կապված կլինի ԱԲ ագենտների հետ, ինչը 17,5 տրիլիոն դոլարի շուկա է նոր բիզնեսների համար:
«Հաջորդ փուլը կլինի այն, երբ ագենտը մարդու հսկողության ներքո կնախաձեռնի գործարքը, իսկ այնուհետեւ այդ ագենտը կիրականացնի ինքնավար գործարքներ: Սա նշանակում է, որ մենք կպատվիրակենք ոչ միայն մեր գնումները, այլեւ մեր մտադրությունները»,- նշել է Յաբլունիվսկին՝ հավելելով, որ այս ամենում մարտահրավեր են շարունակում մնալ ցանցային անվտանգությունն ու սպառողների վստահության ապահովումը։
Amazon Web Services-ի (AWS) Ձեռնարկությունների տեխնոլոգ Մատիաս Ունդուրագան նկատել է, որ թվային փոխակերպումը մնացել է անցյալում, ներկայում ընկերությունները պետք է դառնան «ԱԲ կրողներ» (AI-native):
«ԱԲ կրող ձեռնարկությունն այն ընկերությունն է, որն արհեստական բանականությունն օգտագործում է ոչ թե որպես գործիք կամ չատ-բոտ, այլ դրա միջոցով վերանայում է իր աշխատանքային գործընթացները: Այդպիսի ընկերությունների թիմերը ԱԲ-ին վերաբերվում են որպես թիմակցի», – ասել է Մատիաս Ունդուրագան՝ հավելելով, որ ոչ թե պետք է վախենալ արհեստական բանականությունից, այլ պետք է սովորել այն։
Just Better-ի գլխավոր գործադիր տնօրեն Դիրկ Օլմեյերն էլ խոսել է առաջնորդության հիմնարար փոփոխության մասին՝ կոչ անելով թոփ մենեջերներին դուրս գալ փոխարինվելու վախի «մութ գոտուց»: «Արհեստական բանականությունը ձեզ չի փոխարինի, ձեզ կփոխարինեն այն մարդիկ, ովքեր օգտագործում են ԱԲ-ն։ Մենք անսահման հնարավորությունների դարաշրջանում ենք, բայց դա պահանջում է առաջնորդ, ով օգտագործում է մարդկանց մտքի ուժը, հետաքրքրասիրությունը, ստեղծագործականությունն ու քաջությունը եւ դա համալրում է արհեստական բանականությամբ։ Այն այստեղ է մեզ առաջ մղելու եւ ավելի լավը դարձնելու», – ասել է Դիրկ Օլմայերը:
Պանելային քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել բաց ֆինանսներին (open finance), վճարային նոր էկոհամակարգին եւ թվային ենթակառուցվածքների ու իրական տնտեսության փոխկապակցվածության հարցերին։
«Ֆինանսական ենթակառուցվածքի հաջորդ փուլը հարթակների եւ տնտեսությունների ավելի ուղիղ կապակցումն է։ Նոր ֆինանսական ուղիները հնարավորություն են տալիս արժեքին ավելի ազատ շարժվել՝ կապելով շուկաները, բացելով նոր հնարավորություններ եւ ուժեղացնելով տնտեսական կապերը սահմաններից դուրս»,-նշել է aeda wallet-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արթուր Կարճիկյանը։
Հայաստանի առաջին եւ միակ անկախ բանկոմատային ցանցի՝ Finbox-ի հիմնադիր եւ տնօրեն Արամ Ազատյանի խոսքով էլ՝ կանխիկից ամբողջությամբ հրաժարվելն այսօր անիրատեսական է։ Finbox-ի մոտեցումն այն է, որ կանխիկի հասանելիությունն իրականում աջակցում է անկանխիկ վճարումներին։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) Թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սադիկ Ազիմովն ընդգծել է, որ հանքարդյունաբերության ոլորտում թվայնացումը բիզնես գործառնությունների հիմնարար փոփոխություն է ենթադրում. «Թվայնացումն օգնում է ESG նպատակների իրագործմանը, աշխատանքի ժամանակ առողջության պահպանմանն ու անվտանգային կարգապահության բարելավմանը, բնապահպանական պարամետրերի մշտադիտարկմանը՝ նվազեցնելով արդյունաբերական ռիսկերն ու բարձրացնելով տեղեկատվության թափանցիկությունն ու որոշումների կայացման օպերատիվությունը»։
2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 90 խոսնակի եւ շուրջ 4000 մասնակցի 15 երկրից՝ Հայաստանից, Վրաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ավստրալիայից, Լեհաստանից եւ ԱՊՀ երկրներից։ Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն էր, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն էր, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինկոմբինատը, ներդրումային գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն։