Ջրբաշյանի խոսքով՝ այս Կոնվենցիան չի սահմանափակում AI factory-ների զարգացումը, չի կարգավորում հաշվարկային հզորությունը, GPU-ները կամ մոդելների չափը
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ Քանի որ Հայաստանը նոր է միացել Եվրոպայի խորհրդի Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավական պետության շրջանակային կոնվենցիային, ճիշտ պահն է և՛ հնարավորությունները, և՛ ռիսկերը սառը գլխով ձևակերպելու։
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է «Ամերիա» Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
Ջրբաշյանի խոսքով՝ այս Կոնվենցիան չի սահմանափակում AI factory-ների զարգացումը, չի կարգավորում հաշվարկային հզորությունը, GPU-ները կամ մոդելների չափը։
«Այն տալիս է Հայաստանին միջազգային վստահության և լեգիտիմության կարևոր բազա՝ ցույց տալով, որ AI-ի զարգացումը մեզ մոտ համատեղվում է մարդու իրավունքների և իրավական պետության սկզբունքների հետ։ Սա հատկապես կարևոր է եվրոպական գործընկերների, համալսարանների, հետազոտական ծրագրերի և «ethical AI»-ի շուրջ զգայուն ներդրողների համար», – գրել է Ջրբաշյանը։
Նրա խոսքով՝ Կոնվենցիայի իրական ռիսկը ոչ թե բովանդակությունն է, այլ դրա հնարավոր գերակտիվ կամ սխալ թարգմանությունը ազգային քաղաքականության մեջ։
«Եթե այն կիրառվի որպես ծանր տեխնիկական ռեգուլյացիա՝ սահմանափակելով փորձարկումները, բարդացնելով հետազոտությունը կամ ստեղծելով իրավական անորոշություն ստարտափների համար, ապա մենք ինքներս կթուլացնենք մեր AI զարգացման ներուժը», – ասել է նա։
Փորձագետն ընդգծում է, որ Կոնվենցիայի ուժը նրանում է, որ այն նախատեսված է որպես սկզբունքային կողմնացույց, ոչ թե մանրամասն կանոնագիրք, խրախուսում է վերահսկվող փորձարկումները և թույլ է տալիս կարգավորել օգտագործման դեպքերը, ոչ թե տեխնոլոգիան կամ ենթակառուցվածքը։
Ըստ Ջրբաշյանի՝ ճիշտ կիրառման դեպքում սա կարող է դառնալ Հայաստանի մրցակցային առավելություն, իսկ սխալ կիրառման դեպքում՝ ինքնակամ սահմանափակում։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք այն թարգմանում քաղաքականության և ինստիտուցիոնալ պրակտիկայի մեջ», – եզրափակել է փորձագետը։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան։
Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում։
Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով զարգացնել արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը: