Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդներն այսօր կբանակցեն

Քաղաքականություն

16.04.2026 | 10:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդներն ապրիլի 16-ին կզրուցեն, գրում է  CNN-ը։

«Փորձում ենք մի փոքր ազատ շնչելու տարածք թողնել Իսրայելի և Լիբանանի միջև։ Երկար ժամանակ է անցել, ինչ երկու առաջնորդները չեն խոսել, շուրջ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը (ապրիլի 16-ին)։ Հիանալի է»,- չորեքշաբթի ուշ երեկոյան գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա որևէ մանրամասն չի հայտնել, թե որտեղ կամ ինչպես են նրանք զրուցելու։

Այս շաբաթ Վաշինգտոնում Իսրայելն ու Լիբանանը 1993 թվականից ի վեր առաջին անգամ ուղիղ բանակցություններ էին  անցկացրել։ Սակայն Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև մարտերը շարունակվում են՝ չնայած բանակցություններին։ Հինգշաբթի առավոտյան Իսրայելի բանակի արաբական ծառայության խոսնակը հրատապ տարհանման մասին նախազգուշացում է տարածել Հարավային Լիբանանի բնակիչներին, որոնք գտնվում են Զահրանի գետից հարավ։

«Զահրանի գետից հարավ մնալը կարող է վտանգի ենթարկել ձեր և ձեր ընտանիքների կյանքը»,- ասվում է նախազգուշացման մեջ։

Լիբանանը ներքաշվեց Իրանի դեմ պատերազմի մեջ մարտի 2-ին, այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ը սկսեց հարվածել Իսրայելին։ Այդ ժամանակվանից ի վեր, ըստ Լիբանանի իշխանությունների, Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 2000 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment