ՉԼ․ «Բավարիան» դարձյալ հաղթել է «Ռեալին», «Արսենալը» նույնպես կիսաեզրափակիչում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մյունխենի «Բավարիան» ու Լոնդոնի «Արսենալը» դուրս են եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Գերմանիայի չեմպիոնը սեփական խաղադաշտում 4։3 հաշվով պարտության է մատնել Մադրիդի «Ռեալին», որին հաղթել էր նաև առաջին մրցավեճում (2:1) (տեսանյութ):

«Բավարիայի» կազմում աչքի են ընկել Ալեքսանդր Պավլովիչը, Հարի Քեյնը, Լուիս Դիասը և Մայքլ Օլիսեն։ «Ռեալից» դուբլի հեղինակ է դարձել Արդա Գյուլերը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Կիլիան Մբապեն։

Հանդիպման վերջնամասում իսպանական ակումբից կարմիր քարտ է ստացել Էդուարդու Կամավինգան։

«Արսենալը» Լոնդոնում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել պորտուգալական «Սպորտինգի» հետ, որին քառորդ եզրափակիչի առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով։

Կիսաեզրափակիչում «Բավարիայի» մրցակիցը կլինի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն, իսկ «Արսենալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-ին և 29-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 5-ին և 6-ին։

Leave a comment