Գևորգ Դանիելյան․ Վեհափառն անսասան է – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ. պարտադրում են տիրադավ Արման Սարոյանին ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդ։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել էր ՔԿ-ի այս հաղորդագրությանն ու նշել, որ, ըստ էության, քրեական հետապնդում է հարուցվում Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը իրավական որևէ ընկալման հետ բացարձակապես կապ չունի։

Դանիելյանն ընդգծեց՝ օրինական, սահմանադրական ճանապարհով պետք է փորձել այս ամենի դեմն առնել։

Վեհափառ Հայրապետը, ինչպես Դանիելյանն է նշում, անսասան է։

«Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները, համոզված եմ՝ չէ՛, այս ամենն ապօրինի, բացարձակապես իրականության հետ աղերս չունեցող ճիգեր են, թող փորձեն, ինչ ասեմ»,- հավելեց պրոֆեսոր Դանիելյանը։

Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։

Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Հիշեցնենք՝ եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Սարոյանը հայցով պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Արմավիրի մարզի դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն էլ մեկ օրում որոշում է ընդունել Գևորգ Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Հիշեցնենք՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Leave a comment