Թուրքիայում երկու հույն է ձերբակալվել՝ Սուրբ Սոֆիայի տաճարում քրիստոնեական կարգախոսով դրոշ ծածանելու համար

Քաղաքականություն

15.04.2026 | 18:29

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է երկու հույների, որոնք Ստամբուլի Սուրբ Սոֆիայի բյուզանդական դարաշրջանի տաճարում, որը վերածվել է մզկիթի, ծածանել են ազգայնական քրիստոնեական կարգախոսով դրոշ, գրում է Turkish Minute-ը:

Նրանց ծածանած դրոշի վրա պատկերված է եղել երկգլխանի արծիվ և հունարենով «Ուղղափառություն կամ մահ» գրությունը, որը որպես կարգախոս օգտագործվում է ծայրահեղ պահպանողական ուղղափառ կրոնական շրջանակների կողմից։

«Երկու հույն զբոսաշրջիկներ՝ մեկ կին և մեկ տղամարդ, ձերբակալվել են Ստամբուլում։ Հունաստանի գլխավոր հյուպատոսը նրանց տրամադրում է համապատասխան հյուպատոսական օգնություն»,- AFP-ին ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լանա Զոչիուն։

Թուրքական մասնավոր NTV-ի հաղորդմամբ՝ զույգը ձերբակալվել է «հասարակության մի մասին նվաստացնելու» մեղադրանքով։

2020 թվականին Թուրքիան Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից վերածեց մզկիթի, քայլ, որը զայրույթ առաջացրեց Հունաստանում։ Հունաստանը խստորեն դատապարտել էր Անկարայի որոշումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված տաճարը վերածել մուսուլմանների պաշտամունքի վայրի, իսկ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը դա անվանել էր «Թուրքիայի թուլության ցուցադրություն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment