Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք առաջարկում ենք, որպեսզի Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ եվրոպական խոշոր երկրները հավաքվեն՝ որակյալ քննարկում անցկացնելու այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետությունը, ինչպես բարձրացնել մեր դիմակայունությունը եւ զսպման ներուժը։ Քանի դեռ տարածաշրջանում չկա անվտանգության ընդհանուր համակարգ, մենք շարունակում ենք պտտվել տարբեր ուժային կենտրոնների շուրջ», – նշել է թուրք նախարարը։
Ֆիդանն ընդգծել է, որ Եվրոպան եւ ԵՄ-ն ընտրության առջեւ են կանգնած՝ կա՛մ անվտանգության հարցերում շարունակել ապավինել ԱՄՆ-ին, կա՛մ ստեղծել «սեփական ուժային կենտրոններ»՝ ապահովելով բոլորի անվտանգությունն ու պաշտպանությունը տարածաշրջանում:
«ՆԱՏՕ-ն, իհարկե, մնում է անվտանգության ոլորտում համագործակցության հիմնական հարթակը անդրատլանտյան հանրույթի համար։ Քանի դեռ այն կարող է գործել, այն ծառայում է ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան եւ անդրատլանտյան անվտանգության նպատակներին։ Բայց եթե մենք՝ ԱՄՆ-ն եւ Եվրոպան, պառակտվենք, կարծում եմ, Եվրոպային անհրաժեշտ է ցանկացած եղանակով ավելացնել իր պաշտպանական ներուժը», – ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։