Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։
Զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում վերջին շրջանում լարվածությունը մտահոգիչ է, և ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ հորդորել է բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են անկայունություն առաջացնել Իրանում և նրա շուրջը։
Ընդգծվել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով։
Նշվել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր օդային տարածքը կամ տարածքն օգտագործվի հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողությունների համար։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։