Կալուգացի Սամոյի, Ծառուկյանի և Քոչարյանի համախմբումը կայացած փաստ է, նրանց միակ թկենածուն Ռոբերտ Քոչարյանն է. Ալեքսանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ընդդիմադիր գործիչներին կարտերի նման բաժանել են, ցրել են տարբեր թիմերում: Օրինակ՝ Քոչարյանի ներկայիս պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնվել է Գագիկ Ծառուկյանի ցուցակում ու Ծառուկյանն էլ հայտարարում է, որ իրենք չեն քվեարկելու Քոչարյանի օգտին, սա քաղաքական աբսուրդ է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ալեքսանյանի խոսքով՝ այդ քաղաքական թիմերի խոսույթն աբսուրդ է. «Փաստացի կալուգացի Սամոն, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, այդ երեք քաղաքական թիմերի մեջ կա մեկ հայտարարված վարչապետի թեկնածու, դա Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև կալուգացի Սամոն օրենքով չի կարող լինել վարչապետ, Ծառուկյանը հայտարարում է, որ ինքը չի, գաղտնի ինչ-որ թեկնածու կա և այս երեքի միջից միակ թկենածուն Ռոբերտ Քոչարյանն է: Նրանց համախմբումն արդեն իսկ կայացած փաստ է, իսկ թե այդ միասնությանն ինչ գնահատական կտա ՀՀ քաղաքացին, կարծում եմ՝ շատ ուշագրավ է լինելու, բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել հունիսի 7-ին»:
Դիմելով քաղաքացիներին՝ պատգամավորն ասաց. «Սիրելի՛ քաղաքացիներ, ընդդիմությունը բոլորիդ փուռն է տալու, ընդդիմության համար դուք պետք եք միայն օրենքի խախտում կատարած և կալանավորված վիճակում, ուրիշ կարգավիճակով պետք չեք: Մի կատարեք այնպիսի գործողություններ նրանց թելադրանքով, որոնք հակոտնյա են ՀՀ-ի օրենսդրության հետ»:
Վահագն Ալեքսանյանի կարծիքով՝ նախորդ ընտրությունների համեմատ շատ մեծածավալ աշխատանք են կատարել ու դա պետք է արտացոլվի քաղաքացու քվեով: