Սրբազան արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարվել է քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի եւ ԵՀԽ-ի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։
Աղոթքի շաբաթվա նյութերը պատրաստվել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից, որոնք կազմվել էին Սուրբ Ներսես Շնորհալու Արեւագալի ժամերգության հիման վրա։ Անցնող շաբաթ ողջ քրիստոնյա աշխարհն աղոթեց տասնյակ լեզուներով թարգմանված հայկական աղոթքներով։
Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա այս տարվա խորագիրն էր «Մեկ մարմին եւ մեկ հոգի», որի ընթացքում աշխարհի քրիստոնյաներն աղոթք բարձրացրեցին հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու, ինչպես եւ քրիստոնեական միասնության եւ համերաշխության համար։