Հերքվել է Առուշ Առուշանյանի մասնակցությունը Գորիսում տեղի ունեցած միջադեպին

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քրեական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն, սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նոր մանրամասներ են պարզվել հունվարի 25-ին Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել էր «Գորիս» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ «պոլիտրավմա, բազմաբեկորային վնասում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչ 30-ամյա Արսեն Երեմյանը, ում ժամեր անց ռեանիմոբիլով «Գորիս» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ այս պահին իր բուժումն է ստանում։

Պարզվել է, որ մահացածներն են Գորիսի բնակիչներ 45-ամյա Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը։

Այդ օրը հողամասի հետ կապված խնդիրները պարզաբանելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 16։30-ի սահմաններում «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանների ճանապարհին Վ․ Յոլյանը հանդիպել է Ա․ Յոլյանին, ով եղել է իր ընկերոջ՝ Ա․ Երեմյանի հետ։ Խոսակցությունը կարճ ժամանակում վերածվել է վիճաբանության, որի ընթացքում էլ Վ․ Յոլյանը պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, ինչն էլ դարձել է իր և Ա․ Յոլյանի մահվան պատճառը։

Դեպքի վայրում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի քրեական վարչության և համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ոստիկանները հայտնաբերել են Ա․ Յոլյանին պատկանող ատրճանակ և նռնակի պայթուցիչի լծակ։

Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա էլ հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով օպերատիվ և քննչական գործողություններով ամբողջությամբ հերքվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ նշված միջադեպին մասնակցությունը, ինչպես նաև նշված անձանց մասին նույնպես Ա․ Առուշանյանը տեղեկացված չի եղել։

Պարզվում է նաև, թե ով է վարել «Lexus»-ը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավոր Ա․ Երեմյանը աշխատում է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։

Մահացածներից Ա․ Յոլյանը Գորիսի քաղաքապետ Ա․ Առուշանյանի վարորդն էր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ մահացածներից Վ․ Յոլյանը երկար տարիներ բնակվել է Ֆրանսիայի Նանտ քաղաքում, որտեղ տեղի սոցիալական աշխատողի նկատմամբ արարք կատարելու համար դատապարտվել է, և պատիժը կրելուց հետո նրան դեպորտ են արել, իսկ նրա եղբայրը Վրեժը դեպքի մասին տեղեկանալով Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան։

Leave a comment