Բիբլոս Բանկ Արմենիան՝ որպես հիմնադիր անդամ, միացել է FinTech Armenia ասոցիացիային, ինչը «կարեւոր քայլ է բանկի՝ ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման եւ նորարարության զարգացմանն ուղղված ջանքերում»:
FinTech Armenia-ն նպատակ ունի Հայաստանում ստեղծել համապարփակ ֆինտեխ հաբ այնպիսի ոլորտների ներգրավմամբ, ինչպիսիք են վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, ֆինանսական ծառայությունների ոլորտում արհեստական բանականությունը, բլոկչեյնն ու տոկենիզացիան, ապահովագրությունը եւ բանկային փոխակերպումը:
Անդամակցելով ասոցիացիային՝ Բիբլոս Բանկ Արմենիան վերահաստատում է իր հանձնառությունը նպաստելու Հայաստանի արագ զարգացող ֆինտեխ էկոհամակարգի զարգացմանը։ Բանկի փորձառու մասնագետները կներգրավվեն ասոցիացիայի հիմնական ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերում, ինչպիսիք են բանկային փոխակերպումը, ստարտափներն ու վենչուրային կապիտալը, ՀՀ ԿԲ Sandbox-ը եւ կրթությունը։
«FinTech Armenia ասոցիացիային միանալու նպատակը Բիբլոս Բանկ Արմենիայի եւ Հայաստանի ֆինտեխ էկոհամակարգի միջեւ ամուր կամուրջի ստեղծումն է։ Այս գործընկերությունը միավորում է ֆինանսական նորարարությունն ու գիտելիքը, ստեղծում ոլորտի խաղացողների միջեւ բիզնես նեթվորքինգի եւ փորձի փոխանակման հնարավորություններ, առաջ մղում թվային փոխակերպման օրակարգը։ Նման համագործակցությունների միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան ձգտում է նպաստել Հայաստանում դինամիկ ֆինտեխ միջավայրի զարգացմանը»,- նշել է բանկի նորարարության եւ թվայնացման բաժնի ղեկավար Սուրեն Ոսկանյանը։
«Բիբլոս Բանկ Արմենիայի՝ մեր արագ զարգացող տարածաշրջանային ասոցիացիայի եւ համաշխարհային կապ ստեղծող հարթակում ընդգրկվելը եւս մեկ կարեւոր փուլ է մեր ճանապարհին՝ թե՛ Հայաստանի, թե՛ ֆինանսական տեխնոլոգիաների շնորհիվ կատարվող միջազգային բանկային վերափոխման համար։ Բանկն ապահովում է հաճախորդների սպասարկման բացառիկ որակ՝ համատեղելով թվային արդյունավետությունը մարդկային շփման հետ։ Մենք վստահ ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիան դրական ներդրում կունենա ու կնպաստի հայկական ֆինտեխ համայնքի մասնակիցների ինտեգրմանը համաշխարհային ֆինանսական էկոհամակարգին եւ հակառակը»,- ասել է FinTech Armenia-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Լուկասը: