Այդ մասին ասել է ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը՝ միության 120-ամյակի կապակցությամբ ուղերձում:
«Այն, ինչ սկիզբ առավ 20-րդ դարի սկզբին Եգիպտոսի Կահիրե քաղաքում՝ մի ժողովասրահում, այսօր վերաճել է աշխարհում ամենախոշոր շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության. անուն, որին ծանոթ են աշխարհի բոլոր հայերին ու որը վայելում է նրանց վստահությունը։
Այս տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր հիմնադիրների տեսլականին ու հանձնառությանը, այն է՝ կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական եւ մարդասիրական ծրագրերի միջոցով բարելավել աշխարհասփյուռ հայության կյանքը՝ վերջնանպատակը դարձնելով ողջ հայության բարգավաճումն ապահովելը։
Պետք է նշեմ նաեւ, որ հիմնադիրները վճռական են տրամադրված եղել՝ զերծ մնալու քաղաքական որեւէ պատկանելությունից եւ ուշադրությունը սեւեռել են հայ ժողովրդի համընդհանուր բարօրությանը ծառայելու գործին։ Այս ոգին իր արտացոլումն է գտել նրանց կարգախոսի մեջ՝ «Միությունը զորություն է», որը սերունդներից յուրաքանչյուրին հիշեցնում է, որ հայերի հզորացման բանալին տեսակետների, համոզմունքների, տնտեսական կարգավիճակի կամ ծագման բազմազանությունն ընդունելն ու այդ ամենը բոլորին միավորող նպատակին ծառայեցնելն է», – ասված է ուղերձում:
«Հայաստանի Հանրապետությանն ու Հայ Առաքելական Եկեղեցուն մեր նվիրումն անսասան է։ Դա մեզ թույլ է տալիս առաջնորդել նպատակային, գործել արդյունավետ եւ մարտահրավերների մեջ գտնել հնարավորություններ։ Համաշխարհային պատերազմների, տեխնոլոգիական հեղափոխությունների, փոփոխվող ժողովրդագրության, վերաձեւվող քարտեզների ու քաղաքական վերադասավորումների պայմաններում ՀԲԸՄ-ն հաջողում է շարժվել ժամանակին համընթաց։
Մեզ բաժին է հասել մի ժառանգություն, որով անսահման հպարտ ենք, սակայն երբեք չենք թուլացնում մեր զգոնությունը, քանզի աշխարհը փոփոխվում է առավել արագ, քան երբեւէ, իսկ անորոշությունն այսօր պարտադրում է, որ մեկ քայլ առաջ մտածենք վաղվա օրվանից», – ասել է Սեմ Սիմոնյանը:
Սեմ Սիմոնյան. ՀԲԸՄ նվիրումը Հայաստանին ու Հայ Առաքելական Եկեղեցուն անսասան է
Երեւան: Մեդիամաքս: Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նվիրումը Հայաստանի Հանրապետությանն ու Հայ Առաքելական Եկեղեցուն անսասան է։