Իրանի փլուզումը կարող է լայնածավալ աղետի և քաոսի հանգեցնել ամբողջ Մերձավոր Արևելքում, իսկ ապակայունացման հետևանքները կազդեն տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում կայուն պետություններ և իրական խաղաղություն կառուցելու, հետագա արմատականացումը կանխելու, մշակութային բազմազանությունը պահպանելու և ազգային փոքրամասնությունները պաշտպանելու համար կարևոր է ապահովել Իրանի և Սիրիայի կայունությունն ու համահունչ զարգացումը:
«Այս պետությունների փլուզումը կհանգեցնի քաոսի տարածաշրջանից շատ ավելի հեռու՝ հրահրելով ինքնորոշման շարժումների նոր ալիքներ և ազգային սահմանների անխուսափելի վերանայում: Նման սցենարում մենք ոչ թե խոսելու ենք փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, այլ գոյություն ունեցող պետությունների փլուզումը կանխելու մասին»,– նշել է Գևորգյանը։
Ըստ նրա` Մերձավոր Արևելքին առնչվող որոշ կարևոր որոշումներ կկայացվեն դրանից դուրս, բայց հետևանքների հետ ստիպված կլինեն ապրել ավելի լայն տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդները:
«Ահա թե ինչու մենք պետք է իրավիճակը գնահատենք առավելագույնս իրատեսորեն և ձեռնարկենք ամենազգույշ քայլերը՝ լարվածությունը նվազեցնելու համար»,– ընդգծել է Գևորգյանը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 22-ին հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։