Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը մեղադրանքը չեն ընդունում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր կայացել են «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Վազհեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով դատալսումները։

Քրեական գործը հիմնական դատալսումների փուլում է։  Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը դիրքորոշում ներկայացրին՝ մեղադրանքը չեն ընդունում։

Նարեկ Սամսոնյանը, որը նիստին մասնակցում էր անվասայլակով,  հայտարարել է, որ իրենց ասած որևէ խոսք չի կարող քննվել խուլիգանության հոդվածի համատեքստում։

«Ինձ համար էլ նորմալ չէ, երբ որևէ մեկն ինձ ասում է «շան լակոտ»։ Երբ մեկն ինձ ասում է այդպես, և նրա նկատմամբ ոչ մի միջոց չի կիրառվում, իսկ իմ պատասխանը դիտարկվում է որպես խուլիգանություն, դա անարդար է։ Ես պատրաստ եմ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե իմ կողքիս բերեն նստեցնեն ԱԺ նախագահին՝ մեզ «շան լակոտ» ասելու համար»,-հայտարարեց Նարեկ Սամսոնյանը։

Վազգեն Սաղաթելյանը, դիրքորոշում ներկայացնելով, ընդգծել է, որ սա բացահայտ քաղաքական հետապնդում է, որ որևէ կապ չունի արդարադատության, իրավունքի հետ․  «Մենք տեսնում ենք, որ ժողովրդավարության իրական բաստիոնում ՝ Եվրպայում, ԱՄՆ-ում, խոսքի ազատությունը պահվում է, իսկ այստեղ՝ դրա ֆեյք տարբերակով փորձում է արվում ներկայացվել, որ այս գործընթացը խոսքի, ժողովրդավարության մասին է»։

Այսօրվա նիստում հարցաքննվել է գործով վկան, որն, ըստ մեղադրանքի կողմի, «սրտնեղել» էր Սամսոնյանի և Սաղաթելյանի խոսույթից, մինչդեռ վկայի հարցաքննությունից հստակ նման արձանագրում փաստացի չկատարվեց։ Հարցաքննությունը դեռևս չի ավարտվել, մեղադրող Հայկ Ավետյանի միջնորդությամբ դատարանում հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը։

Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին` փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Ռուբեն Մելիքյանը բավականին հետաքրքիր գնահատեց վկայի հարցաքննությունը․ «Հարցաքննությունը կշարունակվի և մենք կտեսնենք՝ առհասարակ վկայի հետ գործ ունե՞նք, թե մարդու, որին ուղղակի պետությունը անհանգստացրել է՝ իր քաղաքական հետապնդումը մի քիչ փաստաթղթավորելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment