Հրապարակվել է դատարանի վճիռը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննան ապօրինի հրամանով է Կարեն Լազարյանին ազատել աշխատան

Ինչպես ժամանակին տեղեկացրել ենք՝ 2025 թ. դեկտեմբերի 2-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը թիվ 219–Ա/1 հրամանով Կարեն Լազարյանին ազատել է «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի պարտականություններից, որից հետո քոլեջի շենքը բռնազավթվել է ոստիկանական հագուստով մի խումբ անձանց կողմից՝ ուղեկցվելով դասախոսներին ուղղված սպառնալիքներով ու խուլիգանական գործողություններով։

Սակայն նախարարի պաշտոնը զբաղեցնող տիկնոջ վերոնշյալ հրամանում մատնանշված չի եղել որևէ փաստական կամ իրավական հիմք, ասել է թե՝ չի նշվել Կարեն Լազարյանին աշխատանքից ազատելու գոնե մեկ պատճառ։

Իրավական և փաստական հիմքերից զուրկ հրամանը Գորիսում ընկալվել է իբրև պատվերի կատարում նախարարի կողմից՝ ընդդեմ Կարեն Լազարյանի, կամ քոլեջի տնօրենի պաշտոնը աճուրդի հանելու գործընթացի հերթական փուլ։

Ինչևէ, Կարեն Լազարյանը դատական կարգով վիճարկել է ԿԳՄՍ նախարարի կեղծապատիր ու կամայական հրամանը։

Ս.թ. մարտի 30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը կայացրել է վճիռ ներկայացված հայցի վերաբերյալ, որը հասանելի է դարձել այսօր՝ ապրիլի 14-ին։

Ընդունված վճռով դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանի 02.12.2025 թ. թիվ 219-Ա/1 հրամանը։

Դատարանը միաժամանակ պարտավորեցրել է ԿԳՄՍ նախարարությանը՝ Կարեն Լազարյանին վճարել դրամական հատուցում՝ միջին ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, ինչպես և գումար՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար՝ մինչև եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը։

Դատարանը նաև արձանագրել է փաստը, որ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանի տեղեկանքի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի գործունեությունն այլևս դադարեցված է։

Կդիմի՞ Ժաննան վերաքննիչ բողոքի, թե՞ ոչ։ Դա, անշուշտ, իր գործն է

Խնդիրը, մինչդեռ, այդ ամենով չի կարող ավարտված համարվել։

Ժաննա Անդրեասյանը (արդեն իսկ մեկնարկած քրեական վարույթի շրջանակում) պետք է պատասխան տա՝ անձնական ի՞նչ շահի մղումով է շրջանցել գործող օրենսդրությունը և ապօրինի հրաման արձակել, անձնական ի՞նչ շահի մղումով է կեղծված հավաստագրով կնոջը նշանակել «Գորիսի պետական քոլեջ» նախկին ՊՈԱԿ–ի, ապա և Գորիսի երկու քոլեջի միաձուլմամբ ստեղծված նոր քոլեջի տնօրենի պաշտոնակատար։

Leave a comment