Մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 18․ կառավարությունն ընդունեց որոշումը

2026 թ. մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 18-ը` շաբաթ օրը


ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թ. մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 18-ը` շաբաթ օրը։


Կառավարությունն ընդունել է «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշում: 


Ըստ այդմ՝ 2026 թ. մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ը` շաբաթ օրը: Հիմնավորման համաձայն՝ ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:


Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն նախ հնարավորություն կտա մեր քաղաքացիներին լրացուցիչ անհարմարություններից զերծ պահելու և միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու:  


«Ուզում եմ առիթից օգտվել ևս մեկ անգամ՝ Եվրոպական քաղաքական համայնքի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել գագաթնաժողովը Երևանում անցկացնելու որոշման համար: Գիտեք, որ այդ որոշումը համաձայնության կոնսենսուսով է կայացվում: Իհարկե, սա շատ կարևոր հանգրվան է մեր պետության կայացման և միջազգային հեղինակության ամրապնդման տեսակետից: Կարևոր է նաև, որ մենք միջոցառումը հյուրընկալենք կազմակերպչական ամենաբարձր մակարդակով: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերումը:


Leave a comment