Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. տասնյակից ավելի վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.04.2026 | 13:58

Յոթ մարդ, այդ թվում՝ աշակերտներ են վիրավորվել Թուրքիայի Շանլըուրֆայի Սիվերեկ շրջանի մասնագիտական ​​ավագ դպրոցում հարձակման հետևանքով։ Հանցագործը որսորդական հրացանով է եղել, գրում է Turkiye today-ը։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ Ահմեթ Քոյունջուի անվան մասնագիտական ​​և տեխնիկական անատոլիական ավագ դպրոցում։ Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը դպրոց է մտել որսորդական հրացանով և կրակ բացել՝ վիրավորելով յոթ մարդու։ Վիրավորներից մի քանիսը, ըստ որոշ տեղեկությունների, աշակերտներ են։

Անվտանգության ուժերը դպրոցից տարհանել են մեծ թվով աշակերտների։

Թուրքական TRT Haber-ն էլ հայտնում է, որ կրակոցների հետևանքով վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ աշակերտներ, ուսուցիչներ և մեկ ոստիկան։ Շանլըուրֆայի նահանգապետ Հասան Շիլդակը հայտնել է, որ հարձակումն իրականացնողն ինքնասպան է եղել։

«Կրակոցների հետևանքով վիրավորվել է 16 մարդ։ Նրանցից 4-ը ուսուցիչ են, 10-ը՝ ուսանող, 1-ը՝ ոստիկան, իսկ 1-ը՝ ճաշարանի աշխատակից։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ Վիրավորներից չորսը գտնվում են ավելի միջին ծանրության վիճակում և մեր բժիշկների կողմից տեղափոխվել են քաղաքի կենտրոնի հիվանդանոցներ։ Հարձակվողն այս դպրոցի նախկին աշակերտ է։ Նա այստեղ սովորել է միայն մինչև 9-րդ դասարանը։ 2007 թվականին ծնված անձը միջադեպի ժամանակ ոստիկանական խմբերի կողմից շրջապատվել է դպրոցի ներսում։ Հասկանալով, որ իրեն ձերբակալելու են, նա ինքնասպան է եղել հրազենով»,- մանրամասներ է ներկայացրել Շիլդակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment