Մոլդովացի բլոգերներին առաջարկել են Երևանում խոսել ԼԳԲՏ համայնքի մասին․ կասկածելի հաղորդագրության հետքերով

Մոլդովայի քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ օրերս ոմն Ռուսլանից հաղորդագրություն են ստացել, որում վերջինը հայտնել է, թե փնտրում է բլոգերներ, որոնք 3-4 օրով «իրենց հաշվին» կլինեն Երևանում ու նկարահանումներ կիրականացնեն։ 

«Իմ անունը Ռուսլան է, ես գովազդային գործակալության մենեջեր եմ։ Մենք ներկայացնում ենք մի նախաձեռնություն, որը աջակցում է Հայաստանի որդեգրած քաղաքականությունը դեպի Եվրոպա։ Խնդիրը պարզ է ու կարևոր՝ Երևանից հանրային կերպով դիմեն Փաշինյանին` կոչ անելով պահպանել փոքրամասնությունների իրավունքները և աջակցել շքերթի անցկացումը՝ ի նշան Եվրոպայի հետ համերաշխության, ինչպես նաև աջակցել եվրաինտեգրմանը», — գրել է ոմն Ռուսլանը։

Արտապատկերումը՝ տելեգրամյան նամակից:

«Փաստերի ստուգման հարթակը» մոլդովացի գործընկերներից ստացել է այս հաղորդագրությունների արտապատկերումները և փորձել հասկանալ՝ ովքեր են կանգնած այս ակցիայի հետևում։

Կասկածելի հաղորդագրությունը 

Հաղորդագրությունը ստացել է Մոլդովայի ԼԳԲՏ+ համայնքի մի ներկայացուցիչ և այն փոխանցել քաղհասարակության ներկայացուցիչներին։ Այն տելեգրամ հավելվածով ստացված հաղորդագրություն է, որն ամենայն հավանականությամբ scam է։ Անձը, որը իրեն անվանում է Ռուսլան, ներկայանում է գովազդային գործակալության մենեջեր՝ առանց նշելու գործակալության անվանումը։ Սա արդեն կասկածելի է։ Բացի այդ, հայտնի չէ նաև Ռուսլանի ազգանունը։ Տրամաբանական է, որ լուրջ մարքեթինգային ընկերությունները նման քաղաքական պատվերների համար չեն գրում անծանոթ տելեգրամով՝ առանց նախնական պաշտոնական կապի։

Կասկածելի «Ռուսլանի» հաղորդագրությունը միանգամից սկսում է Հայաստանի «քաղաքական կուրսի» մասին հիշատակումով, նա քննարկում է Հայաստանի որդեգրած եվրոպական քաղաքական կուրսը ու խոսում ԼԳԲՏ համայնքի մասին։ Այսինքն՝ զգայուն թեմաները խառնում է քաղաքականությանը։  

Նշում է, թե կհոգան Հայաստան մեկնող բլոգերի մի քանի օրվա կեցության ծախսերը, իսկ այցը նախատեսվում է Երևանում մայիսի 4-ին կազմակերպվելիք Եվրոպական համայնքի գագաթնաժողովին մոտ օրերին կամ մայիսի 17-ին (հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է-հեղ․) մոտ օրերին ։ 

Հատկանշական է, որ «Ռուսլանը» Երևան մեկնող ենթադրյալ բլոգերին նաև նրա տեքստն է հուշում, թե ինչ բովանդակություն պետք է ունենա՝ կոչ վարչապետին և աջակցություն եվրաինտեգրմանը։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս՝ ինչո՞ւ է «Ռուսլանը» ընտրում մոլդովացի բլոգեր։ Պատճառը պարզ է՝ հայաստանցի բլոգերին հնարավոր է հեշտությամբ բացահայտել, մինչդեռ օտարերկրյա բլոգերը, որը «հատուկ եկել է Եվրոպայի հետ համերաշխության համար», ապատեղեկատվություն տարածողների ձեռքում դառնում է «օգտակար գործիք»՝ ցույց տալու համար, թե իբր Եվրոպան դրսից մարդկանց է բերում Հայաստանի «արժեքները փոխելու» համար։ 

Այդուհանդերձ, FIP.am-ը փորձել է կապ հաստատել «Ռուսլանի» հետ, սական նրա հեռախոսահամարը փակ է, իսկ նրա տելեգրամյան հաշվին ուղարկված մեր հաղորդագրությունները չեն հասնում հասցեատիրոջը։ 

Դասեր Մոլդովայից 

Այսպիսի մեթոդները նոր չեն։ Ընտրություններից առաջ նման քայլերը նպատակ ունեն ազդել ընտրական գործընթացների, մարդկանց ընկալումների վրա։ Օրինակ, Մոլդովայում նախընտրական շրջանում արձանագրվել են նույնպիսի կեղծ և մանիպուլյատիվ հաղորդագրությունների լայնածավալ դեպքեր։ 

Այսպիսի հաղորդագրությունները կարող են դիտարկվել նաև որպես օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) օրինակ։ Այսինքն՝ երբ արտաքին դերակատարները փորձում են ազդել տվյալ երկրի (այս դեպքում՝ Հայաստանի-հեղ․) հանրային քննարկումների, ընկալումների և նույնիսկ քաղաքական գործընթացների վրա՝ օգտագործելով մանիպուլյատիվ բովանդակություն, կեղծ նախաձեռնություններ կամ ապակողմնորոշող հաղորդագրություններ։ Բացի այդ, նման մեթոդները կարող են նպաստել հասարակության բևեռացմանը և ձևավորել կեղծ ընկալում, թե որոշ գաղափարներ պարտադրվում են դրսից։

Այս դեպքում «Ռուսլանը» փորձ է արել ներգրավել օտարերկրյա բլոգերների՝ իրեն ցանկալի ուղերձով, որը հատկապես հայաստանյան հանրության համար զգայուն թեմա է։ 

«Արտաքին միջամտություն իրականացնողները մեզ մոտ՝ Մոլդովայում, դիմում էին խաբեության ուղիղ հաղորդագրությունների միջոցով՝ ուղարկելով էլեկտրոնային հասցեներին, կեղծ պաշտոնական նամակներ էին տարածում և ընտրությունների հետ կապված SMS արշավներ իրականացնում»,- FIP.am-ին ներկայացնում է անվտանգային քաղաքականության հարցերով փորձագետ, «Watchdog MD» կազմակերպության ներկայացուցիչ Անդրեյ Կուրարարուն։ 

Մոլդովայում 2024 թվականի հոկտեմբերի նախագահական ընտրություններից և ԵՄ անդամակցության հանրաքվեից առաջ պետական ​​հաստատությունները, ընկերությունները, դպրոցները, տեղական ինքնակառավարման մարմինները և պետական ​​ծառայողները էլեկտրոնային փոստով կեղծ փաստաթղթեր, հաղորդագրություններ կամ նամակներ են ստացել։ 

Այսպես, աշխատանքի նախարարությանն ուղղված այդ կեղծ նամակներից մեկում նշվել է, որ Մոլդովայի կառավարությունը Մերձավոր Արևելքից միգրանտներ է տեղափոխելու Մոլդովա և այդ իսկ պատճառով էլ պահանջել է գործատուներից աշխատատեղեր պահել նրանց համար։ 

Կրթության նախարարությանն ուղարկված կեղծ հաղորդագրությունը դպրոցներին և համալսարաններին տեղեկացնում էր, որ նրանք կարիք կունենան սեռական կրթության լրացուցիչ դասընթացների և գենդերային չեզոք զուգարանների։ 

Գյուղատնտեսության նախարարությանն ուղարկված հաղորդագրության մեջ նշվել է, որ ԵՄ-ն մերժել է մոլդովացի ֆերմերներին աջակցելը։ ԵՄ գործընկերության առաքելությունից ստացված կեղծ փաստաթղթում նշվել է, թե իբր ԵՄ-ին Մոլդովայի անդամակցությունը պահանջում է, որ 18-45 տարեկան մոլդովացի տղամարդիկ միանան Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններին և ձևավորեն կամավորական կորպուս։

Մոլդովայի տարբեր քաղաքների քաղաքապետարաններն ու հասարակական կազմակերպությունները ստացել են կեղծ նամակ այն մասին, որ Մոլդովայում այրվելու են Ռումինիայից և Ուկրաինայից ներմուծված թափոններ։ 

Նկատենք՝ Հայաստանում իրականացվող ապատեղեկատվական արշավի շրջանակներում նույնաբովանդակ տեղեկություն տարածվել էր նաև մեր երկրի մասին և նշվել էր՝ իբր ֆրանսիական միջուկային թափոններ կպահեստավորվեն Հայաստանում

Կարդացեք նաև՝ Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

Անդրեյի պատմելով՝ յուրաքանչյուր նամակ կամ փաստաթուղթ ունեցել է համապատասխան վարչական լեզու, այնպես, որ կասկածների տեղիք չտա։ 

Սակայն արդեն 2025 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մարտավարությունը փոխվել է և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) դերակատարները սկսել են կիրառել բջջային հաղորդագրություններ ուղարկելու մեթոդը։ 

«Խորհրդարանական քարոզարշավի ընթացքում քաղաքացիները հայտնում էին, որ PAS-ի (կառավարող կուսակցությունը-հեղ․) անունից ստանում էին SMS հաղորդագրություններ, որոնցում խոստանում էին գումար լրացված քվեաթերթիկների լուսանկարների դիմաց։ Սա կարևոր էր, քանի որ ընտրական գործընթացի կարևոր մի դրվագ թիրախավորվում էր։ Չնայած նման տեղեկություններն արագ հերքվում էին, այդուհանդերձ, նման բովանդակությունը կասկածներ էր ներարկում հանրության շրջանում քվեարկությունից առաջ»,- նշում է մոլդովացի փորձագետը։

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Բելցի տելեգրամյան ալիքը հրապարակել էր մի տեսանյութ, որով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, իսկ տեսանյութին ուղեկցող տեքստում կար քննադատություն իշխանությունների հասցեին, որ թոշակառուների խնդիրները մոռացել են, սակայն ԼԳԲՏ նախաձեռնությունների առաջմղման հարցում կան ռեսուրսներ։

Արտապատկերումը՝ տելեգրամյան ալիքից:

Այսպիսով, անհրաժեշտ է զգույշ լինել ու չպատասխանել այնպիսի նամակների, որոնցում 

  • չկա կազմակերպության պաշտոնական կայք կամ կորպորատիվ էլեկտրոնային հասցե
  • առաջարկվում է քաղաքական բովանդակություն՝ ֆինանսական փոխհատուցման դիմաց
  • առկա է նախապես գրված կամ պարտադրված հաղորդագրություն
  • հապը սահմանափակվում է միայն մեսենջերով (այս դեպքում՝ Telegram):

Կարդացեք նաև- ՀՀ-ի դեմ թուրք հեղինակի հերթական կեղծիքը հրապարակվել է Չինաստանի պետական ԶԼՄ-ում

Հասմիկ Համբարձումյան

Նախագիծը ֆինանսավորվում է Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության հիմնադրամի կողմից:

The post Մոլդովացի բլոգերներին առաջարկել են Երևանում խոսել ԼԳԲՏ համայնքի մասին․ կասկածելի հաղորդագրության հետքերով appeared first on FIP.AM.

Leave a comment