Լիբանանն ու Իսրայելն այսօր ԱՄՆ-ում հանդիպում կանցկացնեն. «Հըզբոլլահ»-ի առաջնորդը Լիբանանին կոչ է արել չեղարկել այն

Լիբանանի և Իսրայելի պատվիրակություններն այսօր հանդիպելու են Վաշինգտոնում՝ Լիբանանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու համար, գրում է DW-ն։

Լիբանանը մարտի 2-ին մտավ Իրանի պատերազմի մեջ՝ այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ը հարձակվեց Իսրայելի վրա։ Իսրսայելը պատասխանեց հարվածներով, որոնց հետևանքով արդեն սպանվել է ավելի քան 2000 մարդ, մեկ միլիոնը՝ տեղահանվել։ Իսրայելի ցամաքային ուժերը նաև ներխուժել են Հարավային Լիբանան։

ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումը կանցկացվի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ, որին կմասնակցեն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանները, ինչպես նաև Բեյրութում ԱՄՆ դեսպանը։

Այնուամենայնիվ, ըստ հրապարակման, որևէ համաձայնագրի հավանականությունը փոքր է թվում, քանի որ «Հըզբոլլահ»-ը նախատեսված բանակցություններն անվանել է «անօգուտ» և առաջարկել է չեղարկել դրանք։

Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է տեսնել «Հըզբոլլահ»-ի զինաթափումը։ Այս դիրքորոշմանն աջակցում է նաև ԱՄՆ-ն։

«Հըզբոլլահ»-ը, որի զինված թևը գործում է Լիբանանի սահմաններից դուրս, հետևողականորեն դիմադրել է զինաթափման կոչերին՝ հայտարարելով, որ նման պահանջները ճանապարհ են բացում Լիբանանի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիայի համար։ «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը կոչ է արել Լիբանանին չեղարկել Վաշինգտոնում Իսրայելի հետ նախատեսված հանդիպումը։

«Մենք մերժում ենք բանակցությունները բռնազավթող իսրայելական կազմավորման հետ։ Մենք կոչ ենք անում պատմական և հերոսական դիրքորոշում ընդունել՝ չեղարկելով այս բանակցային հանդիպումը»,- հայտարարել է Քասեմը։

Լիբանանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ Բեյրութի գլխավոր նպատակն Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև պատերազմում հրադադարի հասնելն է, սակայն Իսրայելը մերժում է այս հեռանկարը՝ ասելով, որ փոխարենը նախընտրում է կենտրոնանալ Լիբանանի հետ պաշտոնական խաղաղության բանակցությունների վրա, որի հետ պատերազմ է մղում տասնամյակներ շարունակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment