«Վարդան Ղուկասյանին շնորհակալ եմ, ինքը դարերով մնացող արվեստ է հովանավորել». գործով վկան հարցաքննվեց

Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ շարունակվեց Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը:

Հարցաքննվեց գործով վկա Լևոն Զաքյանը: Նա հանդիսացել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նկարիչը:

Հարցաքննության ընթացքում նա հայտնեց, որ Վարդան Ղուկասյանն իրեն պարտք չի մնացել, ամբողջ գումարը տվել է, նույնիսկ պարգևավճար է տվել:

Հանրային մեղադրողի հարցին ի պատասխան վկան նշեց, որ գումարի չափը չի կարող հայտնել, քանի որ ի սկզբանե այդպիսի պայմանավորվածություն է ունեցել:

Վկային հարցեր ուղղեց նաև Վարդան Ղուկասյանը:

«Լավ բան ենք արել, մի վախեցի, վախենալու բան չունենք: Մի հատ բան եմ հարցնում, ամբողջ քաղաքից, Հայաստանի Հանրապետությունից կամ հոգևորականներից որևէ մեկը մի հաց բերե՞լ, ձեզ տվե՞լ է: Տեսե՞լ ես մեկին, բացի ինձանից»,-վկային հարցրեց Ղուկասյանը:

Վկա Լևոն Զաքյանն ասաց, որ շատ շնորհակալ է Վարդան Ղուկասյանից. «Շնորհակալ եմ, որ արվեստ եք հովանավորել, դա մնալու է դարեդար»:

«Հարցն այն է, որ ես եմ արել: Ընդհուպ տանս զարդերը, կնգաս, երեխեքիս զարդերը ծախել, բերել, տվել, սարքել եմ եկեղեցին: Հիմա էլ ի՞նչ են խոսում, չգիտեմ էլ, թե ինչեր են խոսում: Լավ ես արել, շատ լավ տղա ես, հալալ էղնի, էդքան բան»,-ասաց Վարդան Ղուկասյանը:

Վկայի հարցաքննությունից հետո Վարդան Ղուկասյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին դատարանին, որպեսզի վերացվի Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը:

Փաստաբաններն ասացին, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատթարանում է, բայցի այդ գործով հինգ վկա հարցաքննվել է, ռիսկեր առկա չեն և Վարդան Ղուկասյանի կալանքը կարող է վերացվել:

Փաստաբան Վահե Միսակյանը նշեց, որ տնային կալանք ևս կարող է կիրառել դատարանը: Նա ընդգծեց, որ Վարդան Ղուկասյանն արդեն 7 ամիս գտնվում է կալանքիտակ:

Փաստաբաններից մեկն առաջարկեց նաև 10 միլիոն դրամ գրավ կիրառել:

Հանրային մեղադրողն ասաց, ոու դեռևս հետազոտված չեն բոլոր ապացույցները և բոլոր վկաները չեն հարցաքննվել:

«Դեռևս 11 վկա պետք է հարցաքննվի, պետք է հարցաքննվի մեղադրյալը, եթե ցանկանա: Մեղադրանքի կողմը համաձայն չէ պաշտպանների կողմից ներկայացված դիրքորոշմանը: Այնպիսի փոփոխություններ չեն եղել, որ խափանման միջոցը փոխենք: Շարունակում է առկա լինել մեղադրյալի կողմից հանցանք կատարելու հիմքը: Պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման»,-ասաց հանրային մեղադրողը և ընդգծեց, որ մինչև հիմա հարցաքննված վկաների ցուցմունքները հիմնավորում են մեղադրանքը:

Դատավորն Լևոն Պետրոսյանը հետաձգեց միջնորդության քննությունը: Այն կքննվի հաջորդ նիստին:

Հասմիկ Սարգսյան

Leave a comment