Փաշինյանը հանդիպում է ունեցել խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամներ է ծախսել՝ տնտեսության արդիականությունն ու վերարտադրողականությունն ապահովելու համար։ 

Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այժմ մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ, «ինչն իհարկե կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացի հետ»։ 

«Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլՀայաստանը հաղթահարել է շրջափակումը, որովհետեւ գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ եւ իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաեւ, որ արտահանումներ եւս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարեւոր է եւ քաղաքական պայմանավորվածությունը հետեւյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա եւ ներմուծման, եւ արտահանման հուսալի ուղի է»,- գործարարների հետ հանդիպմանն ասել է վարչապետը։

Նա նշել է, որ 2018 թվականից մինչ օրս, իրական գնահատականներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել. «Մեր երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս առումով, վարչապետը կարեւորել է այսօրվա հանդիպումը՝ նմանատիպ հարցեր քննարկելու, գործարարների նկատառումները լսելու համար։ 

«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ մեր երկրում տեղի ունեցած այս փոփոխությունների համար, որովհետեւ կան ոլորտներ եւ ընկերություններ, որոնց դերը ՀՀ-ում դժվար է գերագնահատել։ Շատ կարեւոր է, որ այդ ընկերությունները նաեւ նոր մենթալիտետ, նոր մտածողություն, նոր կուլտուրա են բերում Հայաստան, ինչն իրականում ամենակարեւոր կապիտալն է, նոր տարածքներ է բացում՝ գործունեության նոր ոլորտներ, նոր դաշտեր մտնելու համար։ Ես համարում եմ, որ Հայաստանն այսօր իր առաջ ունի հորիզոններ, որոնք ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել։ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել։ Ակնհայտ է, որ Կառավարությունն առանց տնտեսության մեջ առանցքային դերակատարում ունեցողների եւ տնտեսության իրական հատվածի»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment