Հռոմի Պապն ասել է, որ չի վախենում Թրամփի վարչակազմից

Երեւան: Մեդիամաքս: Հռոմի Լեւոն 14-րդ Պապը հայտարարել է, որ չի վախենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից եւ մտադիր չէ բանավեճի մեջ ներքաշվել նրա հետ:

ԱՄՆ ղեկավարը իր Truth Social սոցցանցում, մասնավորապես, գրել էր, որ «այս Պապը թույլ է արտաքին քաղաքականության հարցերում»:  Թրամփը նաեւ պնդել 
էր, որ հենց իր նախագահության շնորհիվ է Լեւոն 14-րդ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվել:
«Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից: Մտադիր չեմ բանավեճի մեջ մտնել նրա հետ: Ես խոսում եմ Ավետարանի մասին եւ կշարունակեմ հանդես գալ պատերազմի դեմ», – իտալական ANSA գործակալությունը մեջբերել է պոնտիֆիկոսի այս խոսքերը, որոնք նա ասել է Աֆրիկայի երկրներ կատարած այցի ընթացքում:
 
Ապրիլի 11-ին Լեւոն 14-րդ Պապը հակապատերազմական քարոզ էր կարդացել Սուրբ Պետրոսի տաճարում:
 
«Մահվան է հպատակվում նա, ով հեռացել է Աստծուց՝ իրեն եւ իր իշխանությունը համր, կույր ու խուլ կուռք դարձնելու համար: Բավական է երկրպագեք ինքներդ ձեզ եւ փողին: Բավական է ուժ ցուցադրել: Բավական է պատերազմել», – ասել էր Պապը:

Leave a comment