Չկա «Զանգեզուրի միջանցք», կա TRIPP ուղի, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նիստի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ նիստի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագրում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը։
Նրա խոսքով՝ փաստաթղթում հստակորեն սահմանվում է, որ 2 կողմերը համաձայնել են բացել հաղորդուղիները՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակում իրականացնելու և փոխկապակցվածություն ապահովելու համար:
«Այնտեղ կա հստակ դրույթ, TRIPP ուղու հաստատման մասին ևս դրույթ կա, ուստի չկա «Զանգեզուրի միջանցք»։ Այդպիսի միջանցք 2 կողմից չկա համաձայնեցված, և, համապատասխանաբար, չկան որևէ այլ եղանակներ այս՝ գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» շուրջ: Կա միայն TRIPP ուղի», – ասել է Միրզոյանը:
Նախարարը նաև կոչ է արել կարդալ փաստաթուղթը և հստակորեն տեսնել սահմանումները՝ ընդգծելով, որ այն բաց է և հասանելի բոլորին: