Կմեռներ կանգնած, բայց չէր ապրի սողալով. ինչից ի՞նչ մնաց, ավելի ճիշտ՝ ի՞նչ թողեց «գերագույնը»

Նորանկախ Հայաստանի այրերը գիտակցում էին՝ Հայաստանի Հանրապետությանը բանակ է պետք։ Իսկ մինչ այդ՝ սկսվել էր արցախյան ազատագրական պայքարը, ձևավորվել էին կամավորական ջոկատներ, ազատամարտիկներն իրենց միջից ընտրել էին ամենաբանիմացներին, ամենահամարձակներին, որոնք էլ վարում էին Արցախի բնակավայրերն ազատագրելու մարտերը։ Արցախի տեղը չիմացողները նախնյաց արյան կանչով նետվեցին Արցախի ազատագրման թեժ կռիվների մեջ։ 

Հայկական բանակի կազմավորման գործընթացը սկսվել է 1988-ի փետրվարից՝ արցախյան շարժման առաջին օրերից, բայց Հայոց բանակը պաշտոնապես հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 28-ին:

Դեռևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին ՀայաստանիՀանրապետության պաշտպանության առաջին նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը։

Համայն հայությունը  30 տարի հայոց բանակն անվերապահորն  համարել է  Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավոր։ Դա ապացուցված փաստ է։ Ադրբեջանը դրանում համոզվել է, երբ  դիվերսիոն գործողություններ, ռազմական ոտնձգություններ է իրականացրել ու ամեն անգամ ջախջախվել։  

Բանակում չծառայած Փաշինյանը տարածաշրջանում ամենամարտունակ բանակի ուժին և ունակություններին ծանոթացավ 2020 թվականի հուլիսին,  երբ Հայաստանի  Զինված ուժերի երրորդ կորպուսի  հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի  գլխավորությամբ մեր զորքը տավուշյան մարտերի ժամանակ արժանի հակահարված հասցրեց թշնամուն։

Հայոց բանակի նկատմամբ մեր հավաքական հարգանքին հակառակ՝  հենց պատերազմի օրերին երկրի առաջին տիկնոջ մակարդակով զինվորականությունը նսեմացվեց մի քանի վայրկյանում՝ մի քանի կեղծ ու բեմադրված լուսանկարով։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ  Փաշինյանն իրեն հռչակեց տարածաշրջանում ամենամարտունակ բանակի գերագույն գլխավոր հրամանատար։

Գերագույն գլխավոր հրամանատարի դիրքերից Փաշինյանը հրահանգեց կասկա-ժիլետ վերցնել ու գնալ Արցախը պաշտպանելու։ Հետո նա սկսեց բանակի գործառույթները փոխել, իսկ զինված ուժերում ոչ ոք չընդդիմացավ, նրա ոչ կոմպետենտ որոշումներին ոչ ոք չհակադարձեց։ Ով էլ ընդվզեց, հետապնդման ենթարկվեց։

Հետո եկավ այն օրը, երբ հայտարարվեց՝ սահմանին զինվոր չպետք է կանգնի, դա խաղաղությանը վնաս է։

Եկան ավելի վատթար օրեր, երբ լսեցինք՝ բանակը պետք է տեղավորվի խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ։

Հայաստանի ինքնիշխան տարածքից 240 քառակուսի կիլոմետր թշնամին զավթել է, ու մեր զինվորն այսօր անցնում է հայկական տարածքում դրված ադրբեջանական դիրքերի կողքով։

Հետո հայտարարվեց, որ մարտունակ բանակը մեզ վնաս է, մարտունակ բանակը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։

Զինվորը հայի համար բարձրագույն արժեք է, Հայրենիքի, պետության, ազգային արժանապատվության հավաքական խորհրդանիշ։ Այդ հավաքական խորհրդանիշը մեզնից խլել են, պլանավորված պարտությամբ երկրային հզոր բանակը վերածել երկրային դավաճանված ու սպանդի մատնված զորքի։

Այսօր մենք ու մեր բանակը հոգեպես, բարոյապես, արժեհամակարգով ու գաղափարաբանությամբ համեմատվելու ոչ մի եզր չունենք այն ժողովրդի ու այն բանակի հետ, որ կայինք և ունեինք 34 տարի առաջ։ Երբ  Բանակ ստեղծողն ու Արցախն ազատագրողը երբեք թույլ չէր տա ինքն իրեն հռչակել  գերագույն գլխավոր հրամանատար, թույլ չէր տա մարտունակ բանակը վերածել բուտաֆորիայի, կմեռներ կանգնած, բայց չէր ապրի սողալով։

Leave a comment