Վարչապետը այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34–րդ տարեդարձի առիթով այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը վարչապետին ներկայացրել են կենտրոնի նորաբաց «Կյանքի սենյակ» սոցիալ-կենցաղային վերականգնման ծառայությունը: Նշվել է, որ այստեղ բուժումը զուգորդվում է կենցաղային հմտությունների վերականգնմամբ։ Տղաներին սովորեցնում են հաշմանդամության հետ ապրել․ թուլացած մկանների և օրինակ՝ թուլացած վերջույթի պայմաններում հագուստի կոճակը կոճկել, արդուկ անել, խոհանոցում և լոգասենյակում ինքնասպասարկվել, սայլակից մեքենա տեղափոխվել և այլն: Վարչապետին ներկայացրել են նաև «Զինվորի տան» նորաբաց ճաշարանը, որտեղ զինհաշմանդամներն օրական 3 անգամ սնվում են: Սնունդը նույնպես, ինչպես և կենտրոնում մատուցվող բոլոր ծառայությունները զինհաշմանդամների համար անվճար է:

Քաղաքացիական անձինք նույնպես կարող են օգտվել կենտրոնի ծառայություններից, բայց վճարովի հիմունքներով: Նպատակն է՝ քաղաքացիներից ստացված շահույթն ուղղել զինհաշմանդամների խնդիրների լուծմանը:

Վարչապետն այցելել է նաև «Զինվորի տան» վիրաբուժական բաժանմունք, որը հագեցած է նորագույն սարքավորումներով: Այստեղ վիրահատվում են թե՛ զինհաշմանդամներ, թե՛ քաղաքացիական անձինք: Քաղաքացիների վիրահատություններից ստացված շահույթը ևս ուղղվում է շահառուների խնդիրների լուծմանը:

Նշվել է, որ կենտրոնի ֆինանսավորումը կատարվում է պետության, բարերարների և «Զինվորի տան»՝ քաղաքացիական անձանց մատուցվող ծառայություններից ստացված հասույթից։

Վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Զինվորի տան» տոնական ճաշին: Պատերազմից հետո վիրավորում ստացած զինհաշմանդամները և նրանց ընտանիքները նույն սեղանի շուրջ են նստել վարչապետի հետ, շփվել և հնարավորություն ունեցել տալ իրենց հուզող հարցերը:

Leave a comment