Հայ մարմնամարզիկները մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում։
Վերջին մրցումային օրն արծաթե մեդալի է արժանացել Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Հենացատկի վարժությունում 33-ամյա մարմնամարզիկը երկրորդ տեղն է գրավել 14.583 միավորով: Ոսկե մեդալակիր է դարձել բրիտանացի Հարի Հեփվորֆը, որը հավաքել է 14.616 միավոր:
Ավելի վաղ Համլետ Մանուկյանը դարձել էր նժույգ թափեր վարժության հաղթող, իսկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալի էր արժանացել օղակների վարժությունում։
Արթուր Ավետիսյանը դարձել է 2026 թվականի օղակներ վարժության աշխարհի բացարձակ գավաթակիր։
Հիշեցնենք, որ այս ամիս հայ մարմնամարզիկները մասնակցել էին նաև Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի չորրորդ փուլին և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ։ Արթուր Դավթյանը հաղթել էր հենացատկի վարժությունում, Համլետ Մանուկյանը՝ նժույգ թափերում, իսկ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալի էր արժանացել օղակների վարժությունում։