Երեւանի քաղաքապետարանն առաջիկայում նախատեսում է վերանորոգել Կոմիտասի պողոտայի մայթերը, եւ վտանգ կա, որ կհատվի այստեղ առկա եւ ստվեր ստեղծող 600 ծառ, հիմնականում՝ թեղիներ:
«Կանաչ Երեւան» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է՝ այս դեպքում պողոտան կարող է վերածվել «ջերմային կղզու»:
Իրավիճակը կանխելու նպատակով նախաձեռնությունը կատարել է հետազոտություն՝ քարտեզագրելով պողոտայի 1053 ծառն ու առաջարկելով քաղաքապետարանին պողոտայի բարեկարգման այլընտրանքային տարբերակ:
«Այս պահին պողոտայի կեսից ավելին թեղիներ են: Դրանք նաեւ տեղում ստվեր ձեւավորող հիմնական ծառերն են: Ցավոք, թեղիներն ինչպես Երեւանում, այնպես էլ՝ հետխորհրդային այլ քաղաքներում, շատ են տուժել սխալ էտի հետեւանքով, ինչը ժամանակի ընթացքում վնասել է այս ծառերի առողջությունը:
Հիմա Կոմիտասի պողոտայի թեղիներն իսկապես այնքան էլ լավ վիճակում չեն:
Հաշվի առնելով, որ առաջիկայում քաղաքապետարանը նորոգելու է տեղի մայթերը, հեռացնելով նաեւ ոչ կենսունակ ծառերը՝ պողոտայի բոլոր թեղիները վտանգված են», – Մեդիամաքսին պատմել է նախաձեռնության համահիմնադիր, ծառագետ-խորհրդատու Վլադիմիր Ֆրունզեն:
Նա ընդգծել է՝ թեեւ ծառերն ունեն խնդիրներ, սա չի նշանակում, որ դրանք վտանգավոր են կամ կարող են «մահանալ» ամեն վայրկյան.
«Ճիշտ խնամքի պարագայում այս ծառերը կարող են կանգուն մնալ դեռ 10-20 տարի:
Մենք՝ «Կանաչ Երեւան» նախաձեռնությունն, առաջարկում ենք Կոմիտասի պողոտայում կիրառել ծառերի փոխարինման փուլային ծրագիր, որովհետեւ հակառակ դեպքում, զրկելով փողոցը սաղարթից ու ստվերից, պողոտան կվերածվի ասֆալտի այրվող, 3 կիլոմետրանոց կտորի: Այնպես, ինչպես եղավ Թումանյան փողոցի դեպքում»:
Նախաձեռնությունն իր տարածած հայտարարության մեջ ընդգծել է՝ ստվերի այս կտրուկ կորուստը լուրջ հարված կհասցնի նաեւ տեղի բիզնեսին՝ նվազեցնելով հետիոտների հոսքը, մեծացնելով հովացման ծախսերը եւ վատթարացնելով պողոտայի ընդհանուր սոցիալ-տնտեսական կենսունակությունը:
Սա կանխելու նպատակով «Կանաչ Երեւան» քաղաքացիական նախաձեռնությունն այլընտրանքային առաջարկ է ներկայացրել:
«Պարտադիր չէ հատել միանգամից բոլոր ծառերը: Կարելի է վերանորոգել մայթը, անցկացնել ոռոգման նոր խողովակներ եւ հատել ծառերի ոչ ավելի, քան 20 տոկոսը: Հետո՝ յուրաքանչյուր 2 տարին մեկ, հատել ամեն հինգերորդ ծառն ու դրա փոխարեն տնկել նորը: Այսպես Կոմիտասի պողոտայի կանաչապատ հատվածը մաս-մաս կփոխարինվի՝ առանց ստվերի կտրուկ վերացման», – ասել է Վլադիմիր Ֆրունզեն՝ շեշտելով, որ 10 տարի անց, երբ այս գործընթացն ավարտվի, առաջին փուլում տնկված ծառերն արդեն կդառնան բավականին սաղարթախիտ:
«Կանաչ Երեւան»-ի այս առաջարկին կարող են աջակցել բոլոր քաղաքացիները՝ պաշտոնական դիմում ուղարկելով Երեւանի քաղաքապետարան e-request.am կայքի միջոցով եւ խնդրելով դիտարկել նախաձեռնության հետազոտությունն ու այլընտրանքային առաջարկը:
«Հանրային աջակցությունը չափազանց կարեւոր է: Հաճախ ասում են՝ մարդիկ առհասարակ անտարբեր են ծառերի կամ կանաչ տարածքների նկատմամբ: Ձեր ակտիվ մասնակցությամբ կկարողանաք ցույց տալ, որ սա ոչ թե մեկ-երկու մարդու համար է կարեւոր, այլ՝ իսկապես հանրային նշանակության հարց է», – ասել է Վլադիմիր Ֆրունզեն:
«Կանաչ Երեւան» նախաձեռնության հետազոտությանն ու նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Յանա Շախրամանյան