ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Մնջախաղի թատրոնին տրված շինությունը քաղաքի կենտրոնում արդեն 7 տարի է կիսաքանդ վիճակում է։ Ես ամեն տարի Թատրոնի միջազգային օրը շնորհավորում եմ այդ լուսանկարով, որպեսզի արձանագրվի, որ սա է մեր պատկերը, սիմվոլիկ այդ տեսքն ունի։
Բազում ծրագրեր կան շենքի վերանորոգումն ավարտելուց հետո, բայց այն շարունակում է մնալ առկախ վիճակում։ 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։
«2023 թվականի սեպտեմբերին կառավարության նիստում նախարարը զեկուցեց, որ մինչև տարեվերջ ավարտվելու է թատրոնի շինարարությունը։ 50 տարուց ավելի մնջախաղի թատրոնն առանց տան, առանց իր բեմի գործում է և բեմադրում է հրաշալի ներկայացումներ, որոնք մրցանակների են արժանանում և մասնակցում են փառատոնների։ Մի քանի օր առաջ ենք վերադարձել Սանկտ Պետերբուրգի փառատոնից, որտեղ մեր թատրոնը մեծ գնահատանքի է արժանացել»,– ասաց նա։
Այսօր երկրում և եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս Դադասյանն ասաց.
«Մենք ազգովի պիտի կանգնենք Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի կողքին, որովհետև դա է ազգ մնալու մեր երաշխիքը։ Վերջերս ինձ զգում եմ Հրանտ Մաթևոսյանի ձիապան Մեսրոպի դերում, ով զգում էր իր հայկականությունը, բայց չգիտեր, թե ինչ անել։ Մեծ պատիժ է դարձել սեփական հայկականությունը զգալը։ Պատմական ժամանակներ ենք ապրում, որոնց մասին գրքեր են գրվելու։ Պետք է համախմբվենք մեր լեզվի, մեր գրի և մեր եկեղեցու շուրջ․ սա է բանալին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Տեր-Գուլանյան
–00—ՅՄ