Կարապետյանի տեսաուղերձն իրական է. ԱԲ-ով ստեղծված լինելու պնդումները չեն հաստատվում

Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 10-ին իր տելեգրամյան ալիքում հարցում է հարապարակել, թե արդյո՞ք «Ուժեղ Հայաստան» կուսկացության նախագահ Սամվել Կարապետյանի տեսաուղերձը Ազատության  հրապարակում հանրահավաքի մասնակիցներին իրական է, թե՞ ստեղծված է արհեստական բանականության (ԱԲ/AI) միջոցով: 

Հարցմանը, այս պահի դրությամբ, մասնակցել է ավելի քան 1300 հոգի՝ մեծ մասը պատասխանելով, որ տեսանյութը ստեղծված է ԱԲ-ով (AI): 

Արտապատկերումը՝ Ալեն Սիմոնյանի տելեգրամի էջից

Նման կասկած էին հայտնում նաև սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր՝ փորձելով կռահել՝ արդյոք Սամվել Կարապետյանի ուղերձն ԱԲ-ի (AI) միջոցով է ստացվել՝ հաշվի առնելով նախկինում նրա ԱԲ-ով գեներացված տեսաուղերձները: 

Ավելի վաղ էլ, լրագրողների հետ զրույցում Կարապետյանի քաղաքական թիմի անդամ Արամ Վարդևանյանն անդրադառնալով Սիմոնյանի հարցմանը, հերքել էր, թե տեսաուղերձն ԱԲ-ով է պատրաստված: Նա նշել է, որ անձամբ է ներկա եղել դրա նհարահանմանը: 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է մուլտիմեդիա բովանդակության մեջ ԱԲ հետքերի հայտնաբերման գործիքների միջոցով պարզել՝ արդյո՞ք Կարապետյանի տեսաուղերձը ԱԲ է, թե՞ ոչ։

Այսպես՝ Deepware գործիքը Կարապետյանի տեսանյութի որոշ հատվածներ կասկածելի է համարել։

Արտապատկերումը՝ Deepware-ից

Այս գործիքի կողմից օգտագործվող Avatarify և Saferbekov բաղկացուցիչները տեսանյութում կասկածելի տարրեր են գտել, սակայն տեսանյութի վերջնական վերլուծությունը ցույց է տալիս, որ տեսանյութը կեղծ կամ ԱԲ չէ։

FIP.am-ը Կարապետյանի տեսանյութում ԱԲ-ի մասնակցությունը փորձել է որոշել նաև InVid գործիքի միջոցով, որը ևս հուշում է, որ այն ԱԲ չէ։

Արտապատկերումը՝ InVid-ից

Այս գործիքը տեսանյութը բաժանում է հատվածների և յուրաքանչյուր հատվածի համար գնահատում՝ արդյոք առկա են ԱԲ-ով մանիպուլյացիայի նշաններ։ Կարապետյանի տեսանյութի դեպքում առանձին հատվածներում գրանցվել է առավելագույնը շուրջ 2% հավանականություն, ինչը համարվում է շատ թույլ և ոչ վերջնական գնահատական։







Այսպիսով, ԱԲ գործիքները չեն հաստատում, որ Կարապետյանի տեսաուղերձն իրական չէ: Հետեւաբար, նման պնդումները փաստահեն չեն:

The post Կարապետյանի տեսաուղերձն իրական է. ԱԲ-ով ստեղծված լինելու պնդումները չեն հաստատվում appeared first on FIP.AM.

Leave a comment