Ուկրաինայի հյուսիս-արևելյան մասում ռուսական ԱԹՍ-ն հարվածել է ուղևորատար գնացքին, ինչի հետևանքով 5 հոգի մահացել է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։
Միջադեպը տեղի է ունեցել Խարկովի մարզի մի գյուղի մոտակայքում։
Սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներում երևում են առնվազն երկու վագոններ՝ կրակի մեջ, ձյունապատ երկաթուղու կողքին։
«Ցանկացած երկրում քաղաքացիական գնացքի վրա դրոնային հարվածը կդիտվի որպես մաքուր ահաբեկչություն։ Այստեղ ոչ մի ռազմական նպատակ չկա և չի կարող լինել», – գրել է Զելենսկին Telegram-ում։
Նա նշել է, որ վերջին ռմբակոծությունը խաթարում է խաղաղության ջանքերը և կոչ է արել դաշնակիցներին ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ պատերազմն ավարտելու համար։
«Յուրաքանչյուր ռուսական նման հարվածը քայքայում է շարունակվող դիվանագիտությունը և խաթարում է գործընկերների ջանքերը, որոնք օգնում են ավարտել այս պատերազմը», – գրել է նա սոցիալական ցանցերում։