Քեզ թուլություն չի՛ սազում, հայ ազգ, չենք համակերպվելու, գիտեմ՝ խոստացել են ու չեն արել

«Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, մարդիկ կան, որ մտածում էին, մեր ազգը նիրհի մեջ է, իրենք էլ ինչ ուզեն, կանեն։ Եթե նրանք տեսնեին այն, ինչ ես եմ տեսնում, իրենք շատ կվախենային»,-Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ելույթն այսպես սկսեց «Ուժեղ Հաաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ի նկատի ունենալով հրապարակի բազմամարդ լինելը։

Նա բեմից մի մի քանի կադր արեց՝ ցույց տալու, թե ինչ է կատարվում։

«Ձեզ տեսնելով, այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին։ Իմ ժողովուրդ, բազմակի անգամ հավատացած ու հավատը կորցրած, ես գիտեմ, թե քեզ ինչն է հետ պահում մեզ հավատալուց, քեզ բազմաթիվ անգամներ խոսք են տվել, որ անելու են ամեն ինչ, բայց չեն արել, երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով, արել ենք քայլեր, որոնք թուլացրել են մեր երկիրը։ Քեզ թուլություն չի սազում, հա’յ ազգ։ Չե’նք համակերպվելու»,-ընդգծեց նա։

Կարապետյանն ասաց՝ պատմական այն շրջաններում, երբ մտածել ենք՝ էլ ելք չկա, ճակատագիրը մեր ժողովրդի որդիներից ընտրել է ու ասպարեզ է նետել նրանք, որ փոխեն ընթացքը, ուղղեն մեր երկրի մեջքը։

«10 ամիս առաջ, այն օրը, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Մայր աթոռ, ես ենթադրել չէի կարող, որ այսօր այստեղ տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների հետ միասին պետք է ազդարարենք փոփոխությունների սկիզբը։ Մեզ առաջնորդել է նախախնամությունը, և մենք, ենթարկվելով նրան, արել ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի բերենք այդ փոփոխությունը, որը մեզ այդքան պետք է»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a comment