ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ


Թեհրանի և Վաշինգտոնի բանակցային թիմերն արդեն Իսլամաբադում են։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալով՝ Իսլամական Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։


 


Պակիստան են մեկնել նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը և այլ պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ՝ 70-ից ավելի մարդ։


 


Իրանը մինչև վերջին պահը չէր հաստատում, որ պատվիրակություն կուղարկի բանակցություններին։ Ղալիբաֆը հայտարարել էր, որ ապրիլի 8-ի գիշերը հայտարարված հրադադարի պայմանները չեն կատարվել, մասնավորապես՝ Վաշինգտոնը չի ապասառեցրել իրանական ակտիվները, իսկ Իսրայելը չի դադարեցրել Լիբանանում ռազմական գործողությունները։


 


Իսլամաբադում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա հույս է հայտնել, որ դրական արդյունքներ կունենան:


 


«Եթե իրանցիները բարի կամք դրսևորեն, մենք էլ ձեռք կմեկնենք»,- հավելել է պաշտոնյան:


 


Սպիտակ տան թիմի կազմում են նաև հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները ու ևս մի քանի տասնյակ պատվիրակ:


 


Բանակցություններին ընդառաջ ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է՝ առաջնային նպատակն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա: Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի: Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է՝ եթե գործարքի չհասնեն, ռազմական գործողությունները կվերսկսվեն:


 


«Իրանը խաղաքարտեր չունի»,- հավելել է Թրամփը:

Leave a comment