Վթարի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվում․ «Նիսսան»-ն է դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել ոստիկանության ավտոբուսին

Հասարակություն

11.04.2026 | 14:54

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհին «Նիսսան» և ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» ավտոբուսի մասնակցությամբ մահվան ելքով վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ համացանցում տարածվող տեղեկությունները ավտոբուսի մեղավորության և վարչապետի ավտոշարասյուն ուղեկցելու մասին պաշտոնապես հերքվել են։

«2026 թվականի ապրիլի 11-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Համացանցում շրջանառվում է ապատեղեկատվություն՝ իբր տեղի ունեցած վթարը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մեղավորությամբ է եղել:

Սակայն, դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուսին:

Մյուս ապատեղեկատվությունը կապված է՝ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի՝ ՀՀ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցելու հետ, որը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվել են Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment