Հայաստանում նախատեսվում է տեղափոխել աշխատանքային օրը՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օր:
Այս մասին նշված է կառավարության որոշման նախագծի մեջ, որը ներառված է հունվարի 29–ին նախատեսված նիստի օրակարգում։
«Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել», – նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է, որ նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման համար նախատեսվում է հատկացնել 1 մլրդ դրամ (2,6 մլն դոլար)։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը գագաթնաժողովին մասնակցելու բանավոր հրավերներ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։