Այսօր Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ելույթ է ունեցել Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում և հայտարարել, որ Եվրոպան միաժամանակ ապրում է երկու պատերազմում՝ Ռուսաստանի տեսանելի պատերազմը Ուկրաինայի դեմ և թաքնված պատերազմը ժողովրդավարությունների դեմ։ Նա այս ելույթում անդրադարձել է նաև Հայաստանին և իր աջակցությունը հայտնել։
Սանդուն նշել է, որ Մոլդովան միայնակ չէ, և որ նմանատիպ ճնշումների է ենթարկվում ամբողջ Եվրոպայում:
Մոլդովայի նախագահը ափսոսանք է հայտնել Վրաստանի վերաբերյալ. չնայած վրաց ժողովրդի քաջությանը, նրա խոսքով, Ռուսաստանը Վրաստանը վերադարձրել է իր ուղեծիր։
Սանդուն նաև հայտարարել է, որ Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ՝ մի ռազմավարության, որը, նրա խոսքով, նախատեսված է ինքնիշխանությունը թուլացնելու, ժողովրդավարական ընտրության վրա ազդելու և ներքին խոցելիությունները շահագործելու համար:
«Մոլդովան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին՝ փորձելով դիմադրել այս ճնշմանը և պաշտպանել իր ժողովրդավարական ապագան»,- ընդգծել է նա։