Բաքուն հերքում է․ Ադրբեջանից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ հրթիռների արձակման մասին տեղեկությունները կեղծ են

Քաղաքականություն

10.04.2026 | 18:34

Վերջին օրերին որոշ սոցիալական ցանցեր տարածում են «բացարձակապես անհիմն և կեղծ հաղորդագրություններ Ադրբեջանի տարածքից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ հրթիռների ենթադրյալ արձակման մասին»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալության հայտարարության մեջ, փոխանցում են ադրբեջանական  լրատվամիջոցները։

«Մենք խստորեն դատապարտում ենք նման փորձերը։ Նման պնդումները կա՛մ միտումնավոր սադրիչ են, կա՛մ լիովին անպատասխանատու և անհիմն մոտեցման արդյունք։ Այսօրվա տեխնոլոգիական հնարավորություններով դժվար չէ որոշել, թե որ ուղղությունից է արձակվել հրթիռը կամ այլ թռչող սարք»,- ասվում է կառույցի հայտարարությունում։

Տարածաշրջանի և Պարսից ծոցի երկրներն ունեն ժամանակակից ռադարային և հսկողության համակարգեր, որոնք ճշգրիտ որոշում են օբյեկտների ծագումը և հետագիծը։

Նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ միջազգային իրավունքի, պետական ​​ինքնիշխանության և տարածաշրջանային կայունության պահպանման սկզբունքներին։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հիմնվել բացառապես ստուգված և հուսալի աղբյուրների վրա և զերծ մնալ չհաստատված տեղեկատվության տարածումից։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ցուցաբերել բարձր պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվություն տեղեկատվության տարածման ժամանակ՝ հիմնվելով միայն պաշտոնական և հուսալի աղբյուրների վրա, և խուսափել կասկածելի և մանիպուլյատիվ տեղեկատվության տարածումից»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment