Ներկայացնում ենք The New York Times-ում հրապարակված How Trump Took the U.S. to War With Iran հոդվածի հայերեն թարգմանությունը (կրճատումներով):
Ջոնաթան Սվան եւ Մեգի Հաբերման
Սպիտակ տան Իրավիճակային սենյակում տեղի ունեցած մի շարք խորհրդակցությունների ժամանակ նախագահ Թրամփը կշռադատում էր իր բնազդները՝ ընդդեմ փոխնախագահի խորը մտահոգությունների եւ հետախուզության հոռետեսական գնահատականների։ Ստորեւ պատմություն է այն մասին, թե ինչպես է նա կայացրեց այդ բախտորոշ որոշումը։
2026թ. փետրվարի 11-ի առավոտյան Սպիտակ տուն ժամանեց սեւ ամենագնացը, որի մեջ նստած էր Բենիամին Նեթանյահուն։ Իսրայելի առաջնորդին, ով արդեն մի քանի ամիս շարունակ համառորեն փորձում էր ԱՄՆ-ից Իրանի դեմ լայնամասշտաբ հարձակման համաձայնություն կորզել, արագ եւ առանց ավելորդ արարողակարգերի ներս տարան՝ լրագրողների տեսադաշտից դուրս։
Սկզբում ամերիկացի եւ իսրայելցի պաշտոնյաները հավաքվել էին Օվալաձեւ աշխատասենյակին կից սենյակում։ Այնուհետեւ Նեթանյահուն իջավ ներքեւ՝ մասնակցելու գլխավոր իրադարձությանը. Իրանի վերաբերյալ խիստ գաղտնի շնորհանդեսին նախագահ Թրամփի եւ նրա թիմի համար՝ Սպիտակ տան Իրավիճակային սենյակում, որը հազվադեպ էր օգտագործվել օտարերկրյա առաջնորդների հետ անձնական հանդիպումների համար։
Թրամփը նստեց, բայց ոչ իր սովորական տեղում՝ կարմիր փայտից պատրաստված մեծ սեղանի գլխին։ Փոխարենը նախագահը տեղ զբաղեցրեց կողային հատվածում՝ դեմքով դեպի պատի երկայնքով տեղադրված մեծ էկրանները։ Նեթանյահուն նստեց մյուս կողմում՝ ուղիղ նախագահի դիմաց։
Վարչապետի մեջքի հետեւում գտնվող էկրանին հայտնվեցին Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադի» տնօրեն Դավիթ Բարնեան եւ իսրայելցի բարձրաստիճան զինվորականները։
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը նստած էր սեղանի հեռավոր ծայրին։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը միաժամանակ կատարում է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պարտականությունները, զբաղեցրել էր իր սովորական տեղը։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը եւ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը, ովքեր նման իրավիճակներում սովորաբար նստում էին միասին, գտնվում էին մի կողմում. նրանց էր միացել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։ Հիմնական խումբը համալրում էին նախագահի փեսա Ջարեդ Քուշները եւ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը բանակցություններ էր վարում իրանցիների հետ։
Հանդիպումը միտումնավոր կազմակերպել էին սահմանափակ կազմով՝ տեղեկատվական արտահոսքերից պաշտպանվելու համար։ Կաբինետի մյուս բարձրաստիճան անդամները նույնիսկ տեղյակ չէին դրա մասին։ Բացակայում էր նաեւ փոխնախագահը։ Ջեյ Դի Վենսն Ադրբեջանում էր, եւ հանդիպումը նշանակվել էր այնքան կարճ ժամկետում, որ նա չէր հասցրել ժամանակին վերադառնալ։
Այն առաջարկը, որը Նեթանյահուն կներկայացնի հաջորդ ժամվա ընթացքում, շրջադարձային կետ կդառնա՝ որը կուղղորդի ԱՄՆ-ն եւ Իսրայելը դեպի խոշոր զինված հակամարտություն աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկում։ Այն հիմք կհանդիսանա հաջորդող օրերի եւ շաբաթների ընթացքում Սպիտակ տանը քննարկումների շարքի համար, որոնց մանրամասները նախկինում չէին բացահայտվել: Դրանց ժամանակ Թրամփը կշռադատում էր իր տարբերակներն ու ռիսկերը՝ նախքան Իրանի վրա հարձակման հարցում Իսրայելին միանալու «կանաչ լույս» վառելը։
Այս պատմությունը հիմնված է հրատարակության պատրաստվող «Ռեժիմի փոփոխություն. Դոնալդ Թրամփի կայսերական նախագահության ներսում» գրքի նյութերի վրա։ Այն բացահայտում է, թե ինչպես վարչակազմի ներսում տեղի ունեցած քննարկումների արդյունքում առաջին պլան մղվեցին նախագահի բնազդները, ճեղքերը նրա մերձավոր շրջապատում եւ այն, թե ինչպես է նա կառավարում Սպիտակ տունը։
Պատմությունը հիմնված է ծավալուն հարցազրույցների վրա, որոնք անցկացվել են անանունության պայմանով՝ ներքին քննարկումներն ու զգայուն հարցերը փոխանցելու նպատակով։
***
Թրամփի բազեական մտածելակերպը ամիսներ շարունակ համահունչ էր Նեթանյահուի հայացքներին՝ նույնիսկ ավելի շատ, քան պատկերացնում էին նախագահի որոշ առանցքային խորհրդականներ։ Նրանց սերտ կապը երկու վարչակազմերի ընթացքում եղել է հաստատուն, եւ այդ դինամիկան, թեեւ երբեմն լարված, սուր քննադատության եւ կասկածների տեղիք էր տվել: Արդյունքում նույնիսկ Թրամփի «ռազմական կաբինետի» առավել թերահավատ անդամները, բացառությամբ Վենսի, որը լայնամասշտաբ պատերազմի ամենավճռական հակառակորդն էր, հպատակվեցին նախագահի բնազդներին, ներառյալ նրա անսասան վստահությանը, որ պատերազմը արագ եւ վճռական կլինի։
Փետրվարի 11-ին Իրավիճակային սենյակում Նեթանյահուն համառորեն համոզում էր ներկաներին, որ Իրանը հասունացել է ռեժիմի փոփոխության համար, եւ վստահություն հայտնում, որ ամերիկա-իսրայելական համատեղ առաքելությունը վերջապես կարող է վերջ դնել Իսլամական Հանրապետությանը։
Ինչ-որ պահի իսրայելցիները Թրամփին ցույց տվեցին մի կարճ տեսանյութ՝ պոտենցիալ նոր առաջնորդների մոնտաժված կադրերով, ովքեր կարող էին ստանձնել իշխանությունը երկրում, եթե «պինդ ձեռքի» կառավարությունը տապալվի։ Նրանց թվում Ռեզա Փահլավին էր՝ Իրանի վերջին շահի վտարանդի որդին։
Նեթանյահուն եւ նրա թիմը ներկայացրին այն պայմանները, որոնք, նրանց խոսքով, փաստում էին գրեթե անխուսափելի հաղթանակի մասին. Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը կարելի է ոչնչացնել մի քանի շաբաթվա ընթացքում: Ռեժիմն այնքան կթուլանա, որ չի կարողանա փակել Հորմուզի նեղուցը, իսկ հավանականությունը, որ Իրանը հարվածներ կհասցնի հարեւան երկրներում ամերիկյան բազաներին, նվազագույն էր գնահատվում։
Բացի այդ, ըստ «Մոսադի» հետախուզական տվյալների, Իրանում նորից բողոքի ցույցեր կսկսվեն, եւ ինտենսիվ ռմբակոծությունների արշավը պայմաններ կստեղծի, որպեսզի իրանական ընդդիմությունը տապալի ռեժիմը։ Իսրայելցիները նաեւ բարձրացրին այն հարցը, որ քուրդ մարտիկները կարող են հատել Իրաքի սահմանը՝ հյուսիս-արեւմուտքում ցամաքային ճակատ բացելու համար, ինչն է՛լ ավելի կջլատի ռեժիմի ուժերը՝ արագացնելով դրա անկումը։
«Ինձ համար լավ է հնչում»,- ասել է Թրամփը վարչապետին։ Նեթանյահուի համար սա ազդանշան էր, որ ամերիկա-իսրայելական համատեղ գործողությունը, ամենայն հավանականությամբ, «կանաչ լույս» կստանա։
Նեթանյահուի առաջարկը եւ Թրամփի դրական արձագանքը հրատապ խնդիր բարձրացրեցին ամերիկյան հետախուզական հանրության առջեւ։ Վերլուծաբանները ողջ գիշեր աշխատում էին՝ գնահատելով իսրայելական թիմի կողմից նախագահին ներկայացրած տվյալների իրագործելիությունը։
Ամերիկյան հետախուզության վերլուծության արդյունքները ներկայացվեցին հաջորդ օրը՝ փետրվարի 12-ին, Իրավիճակային սենյակում տեղի ունեցած եւս մեկ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին միայն ամերիկացի պաշտոնյաները։
Հետախույզները խորությամբ տիրապետում էին ամերիկյան ռազմական կարողություններին եւ անգիր գիտեին իրանական համակարգն ու դրա դերակատարներին։ Նրանք Նեթանյահուի ելույթը բաժանեցին չորս մասի. առաջինը՝ գլխատում (այաթոլայի սպանությունը), երկրորդը՝ ուժի դրսեւորման եւ հարեւաններին սպառնալու Իրանի կարողության խարխլումը, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն Իրանի ներսում, եւ չորրորդը՝ ռեժիմի փոփոխություն՝ երկրի կառավարման համար աշխարհիկ առաջնորդի նշանակմամբ։
Ամերիկացի պաշտոնյաները գնահատել էին, որ առաջին երկու նպատակները հասանելի են ամերիկյան հետախուզության եւ ռազմական հզորության օգնությամբ։ Սակայն նրանք համարեցին, որ Նեթանյահուի առաջարկի երրորդ եւ չորրորդ մասերը, ներառյալ քրդերի կողմից Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը, կտրված են իրականությունից։
Երբ Թրամփը միացավ խորհրդակցությանը, Ռեթքլիֆը նրան զեկուցեց գնահատականի մասին։ ԿՀՎ տնօրենը մեկ բառ օգտագործեց՝ իսրայելական վարչապետի ռեժիմի փոփոխության սցենարները նկարագրելու համար. «Ֆարս»։
Այդ պահին զրույցին միջամտեց Ռուբիոն. «Այլ կերպ ասած՝ սա հիմարություն է (bullshit)»,- ասաց նա։
Ռեթքլիֆը հավելեց, որ հաշվի առնելով ցանկացած հակամարտության ընթացքում իրադարձությունների անկանխատեսելիությունը՝ ռեժիմի փոփոխություն կարող է տեղի ունենալ, սակայն այն պետք չէ դիտարկել որպես իրագործելի նպատակ։
Միջամտեցին եւս մի քանիսը, այդ թվում՝ Ադրբեջանից հենց նոր վերադարձած Վենսը, ով նույնպես խիստ թերահավատություն էր հայտնել ռեժիմի փոփոխության հեռանկարի վերաբերյալ։
Այնուհետեւ նախագահը դիմեց գեներալ Քեյնին. «Գեներա՛լ, ի՞նչ եք կարծում»։
Գեներալ Քեյնը պատասխանեց. «Պարո՛ն նախագահ, իմ փորձից ելնելով, սա իսրայելցիների համար ստանդարտ գործելաոճ է։ Նրանց ծրագրերը միշտ չէ, որ լավ մշակված են։ Նրանք գիտեն, որ մեր կարիքն ունեն, եւ հենց այդ պատճառով են այդքան համառորեն փորձում են «վաճառել» իրենց գաղափարները»։
Թրամփն արագ կշռադատեց գնահատականը։ Ռեժիմի փոփոխությունը, ասաց նա, «նրանց խնդիրը» կլինի։ Պարզ չէր՝ նա նկատի ուներ իսրայելցիների՞ն, թե՞ իրանցի ժողովրդին։ Սակայն իմաստ այն էր, որ նրա որոշումը՝ պատերազմ սկսել Իրանի դեմ, թե ոչ, կախված չէր լինելու նրանից, թե որքանով են իրագործելի Նեթանյահուի առաջարկի 3-րդ եւ 4-րդ կետերը։
Թրամփին, ինչպես երեւում էր, դեռեւս շատ հետաքրքրում էր 1-ին եւ 2-րդ կետերի իրագործումը՝ այաթոլայի ու Իրանի բարձրագույն ղեկավարության սպանությունը եւ իրանական ռազմական ուժի կազմաքանդումը։
Գեներալ Քեյնը, ում Թրամփը սիրում է «Կործանարար Քեյն» անվանել, տարիներ առաջ մեծ տպավորություն էր թողել նախագահի վրա՝ ասելով նրան, որ «Իսլամական պետությունը» կարելի է հաղթել շատ ավելի արագ, քան կանխատեսում էին մյուսները։ Թրամփը պարգեւատրեց գեներալին այդ վստահության համար՝ կործանիչի օդաչուից բարձրացնելով մինչեւ իր գլխավոր ռազմական խորհրդականը։ Գեներալ Քեյնը քաղաքական լոյալիստ չէր եւ լուրջ մտավախություններ ուներ Իրանի հետ պատերազմի վերաբերյալ։ Բայց նա չափազանց զգուշորեն էր իր հայացքները ներկայացնում նախագահին։
Հաջորդող օրերին, քանի դեռ ծրագրերին իրազեկ խորհրդականների փոքր թիմը քննարկում էր իրավիճակը, գեներալ Քեյնը Թրամփի եւ մյուսների հետ կիսվեց տագնապալի ռազմական գնահատականով. Իրանի դեմ լայնամասշտաբ արշավը կտրուկ կսպառի ամերիկյան սպառազինության պաշարները, ներառյալ հակահրթիռային միջոցները, որոնց մատակարարումներն արդեն իսկ լարված էին Ուկրաինային եւ Իսրայելին ցուցաբերվող բազմամյա աջակցությունից հետո։ Գեներալ Քեյնը այդ պաշարների արագ համալրման որեւէ հստակ ուղի չէր տեսնում։
Նա նաեւ նշեց Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հսկայական դժվարությունները։ Թրամփը մերժեց այդ հավանականությունը՝ ենթադրելով, որ ռեժիմը կապիտուլացիայի կենթարկվի ավելի շուտ, քան գործը դրան կհասնի։ Նախագահը, կարծես, կարծում էր, որ դա կլինի շատ կարճ պատերազմ. այս տպավորությունը ամրապնդվել էր 2025թ. հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան ռմբակոծությանը ցուցաբերված զուսպ արձագանքից հետո։
Գեներալ Քեյնի դերը պատերազմի նախաշեմին արտացոլում էր ռազմական խորհրդատվության եւ նախագահական որոշումների միջեւ առկա դասական լարվածությունը։ Քեյնն այնքան հաստատակամ էր որեւէ դիրքորոշում չհայտնելու հարցում՝ անդադար կրկնելով, որ իր դերը նախագահին ասելը չէ, թե ինչ անել, այլ ավելի շուտ տարբերակներ ներկայացնելը՝ պոտենցիալ ռիսկերի ու հնարավոր երկրորդական եւ երրորդական հետեւանքների հետ միասին, որ կարող էր թվալ, թե նա միաժամանակ փաստարկում է հարցի բոլոր կողմերը։
Նա անընդհատ հարցնում էր. «Իսկ հետո՞»։ Սակայն Թրամփը հաճախ լսում էր միայն այն, ինչ ցանկանում էր լսել։
Գեներալ Քեյնը գրեթե ամեն ինչով տարբերվում էր նախորդից՝ գեներալ Մարկ Միլիից, ով կատաղի վիճում էր Թրամփի հետ վերջինիս առաջին ժամկետի տարիներին եւ իր դերը տեսնում էր նախագահին վտանգավոր կամ անխոհեմ գործողություններից հետ պահելու մեջ։
Նրանց փոխգործակցությանը ծանոթ անձանցից մեկը նշել էր, որ Թրամփը սովորություն ուներ շփոթել գեներալ Քեյնի մարտավարական խորհուրդները ռազմավարական հանձնարարականների հետ։ Գործնականում դա նշանակում էր, որ գեներալը կարող էր զգուշացնել գործողության որեւէ ասպեկտի դժվարությունների մասին, իսկ հետո նշել, որ ԱՄՆ-ն ունի էժան, բարձր ճշգրտության ռումբերի գրեթե անսահմանափակ պաշար եւ կարող է շաբաթներ շարունակ ռմբակոծել Իրանը՝ օդում գերակայության հասնելուց հետո։ Քեյնի համար դրանք առանձին դիտարկումներ էին։ Սակայն Թրամփը, կարծես, մտածում էր, որ երկրորդը, ամենայն հավանականությամբ, չեղարկում է առաջինը։
Քննարկումների որեւէ կետում Քեյնը ուղղակիորեն չասաց Թրամփին, որ Իրանի հետ պատերազմը սարսափելի գաղափար է, թեեւ գեներալ Քեյնի որոշ գործընկերների կարծիքով, նա հենց այդպես էլ մտածում էր։
Բազե Թրամփը
Արտաքին քաղաքական բոլոր մարտահրավերներից, որոնց Թրամփը բախվել էր իր երկու նախագահությունների ընթացքում, Իրանն առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում։ Նա այն համարում էր բացառիկ վտանգավոր հակառակորդ եւ պատրաստ էր մեծ ռիսկերի դիմել՝ թույլ չտալու համար, որ ռեժիմը պատերազմ վարի կամ միջուկային զենք ձեռք բերի։ Բացի այդ, Նեթանյահուի առաջարկը համընկնում էր իրանական թեոկրատիան կազմաքանդելու Թրամփի ցանկության հետ։
Այժմ նա կարող էր դառնալ հոգեւոր առաջնորդների իշխանության գալուց հետո վերջին 47 տարվա առաջին նախագահը, ում հաջողվել է հասնել Իրանում ռեժիմի փոփոխության։ Սովորաբար չբարձրաձայնվող, բայց միշտ ետին պլանում առկա էր նաեւ մի լրացուցիչ շարժառիթ. Իրանը ծրագրել էր սպանել Թրամփին՝ ի պատասխան 2020 թվականի հունվարին գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության, ում ԱՄՆ-ում համարում էին իրանական միջազգային ահաբեկչության արշավի շարժիչ ուժը։
Վերադառնալով պաշտոնին երկրորդ ժամկետով՝ Թրամփն է՛լ ավելի մեծ վստահություն ձեռք բերեց ամերիկյան զինուժի կարողությունների նկատմամբ։ Նա հատկապես ոգեւորված էր հունվարի 3-ին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին իր նստավայրից ձերբակալելու հատուկ ջոկատայինների տպավորիչ գործողությամբ։ Այդ գործողության ընթացքում ոչ մի ամերիկացի չէր զոհվել, ինչը նախագահի համար ամերիկյան ուժերի անգերազանցելի վարպետության եւս մեկ ապացույց դարձավ։
Կաբինետում Իրանի դեմ ռազմական արշավի ամենամեծ կողմնակիցը Պենտագոնի ղեկավար Հեգսեթն էր։
Ռուբիոն գործընկերներին հասկացրեց, որ իր վերաբերմունքը այդքան միանշանակ չէ։ Նա չէր հավատում, որ իրանցիները կհամաձայնեն բանակցային գործարքի, բայց նախապատվությունը տալիս էր «առավելագույն ճնշման» արշավի շարունակությանը, այլ ոչ թե լայնամասշտաբ պատերազմ սկսելուն։ Սակայն Ռուբիոն չէր փորձում հետ պահել Թրամփին, իսկ պատերազմի սկսվելուց հետո լիակատար համոզմունքով շարադրեց վարչակազմի հիմնավորումները։
Ուայլսը մտավախություններ ուներ այն մասին, թե ինչին կարող է հանգեցնել նոր հակամարտությունը, սակայն հակված չէր մեծ խորհրդակցությունների ժամանակ կոշտ արտահայտվել ռազմական հարցերի շուրջ։ Այնուամենայնիվ, Ուայլսն իր գործընկերներին ասում էր, որ իրեն անհանգստացնում է Մերձավոր Արեւելքում եւս մեկ պատերազմի մեջ ԱՄՆ-ի կներքաշվելու փաստը։ Իրանի վրա հարձակումը կարող էր հանգեցնել բենզինի գների կտրուկ աճի՝ միջանկյալ ընտրություններից ամիսներ առաջ, որոնք կարող էին որոշել՝ Թրամփի երկրորդ ժամկետի վերջին երկու տարիները կլինեն ձեռքբերումների՞ տարիներ, թե՞ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների կողմից ուղարկված ծանուցագրերի հոսք։ Սակայն արդյունքում Ուայլսը հավանություն տվեց գործողությունը։
Թերահավատ Վենսը
Թրամփի մերձավոր շրջապատում ոչ ոք այնքան մտահոգված չէր Իրանի հետ պատերազմի հեռանկարով, որքան փոխնախագահը, եւ ոչ ոք այնքան ջանք չթափեց այն կանխելու համար։
Վենսն իր քաղաքական կարիերան կառուցել էր հենց այնպիսի ռազմական արկածախնդրության դեմ պայքարի վրա, որն այժմ լրջորեն դիտարկվում էր։ Նա Իրանի դեմ պատերազմը բնորոշում էր որպես «ռեսուրսների հսկայական վատնում» եւ «չափազանց թանկարժեք» ձեռնարկ։
Սակայն նա ոչ բոլոր հարցերում էր «աղավնի»։ Հունվարին, երբ Թրամփը հրապարակավ զգուշացրել էր Իրանին՝ դադարեցնել ցուցարարների սպանությունները եւ խոստացել, որ օգնությունը ճանապարհին է, Վենսն մասնավոր կարգով դրդում էր նախագահին հետ չկանգնել իր «կարմիր գծից»։ Սակայն փոխնախագահը կողմնակից էր սահմանափակ, պատժիչ հարվածի, որն ավելի նման էր 2017-ին Սիրիայի դեմ Թրամփի հրթիռային հարձակման մոդելին, որն իրականացվել էր խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման պատճառով։
Փոխնախագահի կարծիքով, Իրանում ռեժիմի փոփոխության համար մղվող պատերազմը աղետ կդառնար։ Նա նախընտրում էր առհասարակ հարվածներ չհասցնել։ Սակայն գիտակցելով, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, այսպես թե այնպես կմիջամտի, նա փորձում էր ուղղորդել նրան դեպի ավելի սահմանափակ գործողություններ։ Հետագայում, երբ պարզ դարձավ, որ նախագահը տրամադրված է լայնամասշտաբ արշավի, Վենսը պնդում էր, որ պետք է գործել ջախջախիչ ուժով՝ հուսալով արագորեն հասնել նպատակներին։
Վենսը նաեւ այլ մտավախություններ էր հնչեցնում։ Որպես փոխնախագահ՝ նա գիտեր ԱՄՆ զինամթերքի խնդրի ծավալները։ Պատերազմն այնպիսի ռեժիմի դեմ, որն ունի գոյատեւման հսկայական կամք, կարող էր ԱՄՆ-ին թողնել շատ ավելի վատ վիճակում՝ գալիք տարիներին այլ հակամարտություններ վարելու տեսանկյունից։
Փոխնախագահը համախոհներին ասում էր, որ ոչ մի ռազմական խորաթափանցություն չի կարող իրապես գնահատել, թե ինչպես կպատասխանի Իրանը, երբ վտանգված լինի ռեժիմի գոյությունը։ Պատերազմը հեշտությամբ կարող է ընթանալ անկանխատեսելի ուղղությամբ։ Բացի այդ, նա գտնում էր, որ դրանից հետո խաղաղ Իրան կառուցելու շանսերը չնչին են։
Այս ամենից զատ կար թերեւս ամենամեծ ռիսկը. Իրանն առավելություն ուներ Հորմուզի նեղուցի հարցում։ Եթե այդ նեղ ուղին, որով անցնում է նավթի եւ բնական գազի ահռելի քանակություն, փակվի, ԱՄՆ-ի համար ներքին հետեւանքները կլինեն ծանր՝ սկսած բենզինի գների թանկացումից։
Մեկնաբան Թաքեր Կարլսոնը՝ ինտերվենցիայի եւս մեկ նշանավոր թերահավատը, նախորդ տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել էր Օվալաձեւ աշխատասենյակ՝ զգուշացնելու Թրամփին, որ Իրանի հետ պատերազմը կկործանի նրա նախագահությունը։ Պատերազմի սկսվելուց մի քանի շաբաթ առաջ Թրամփը, որը տարիներ շարունակ ճանաչում էր Կարլսոնին, փորձեց հեռախոսով հանգստացնել նրան։ «Գիտեմ, որ անհանգստանում ես, բայց ամեն ինչ լավ կլինի»,- ասել էր նախագահը։ Կարլսոնը հարցրել էր, թե որտեղից գիտի։ «Որովհետեւ միշտ էլ այդպես է լինում»,- պատասխանեց Թրամփը։
Փետրվարի վերջին օրերին ամերիկացիներն ու իսրայելցիները քննարկեցին մի նոր հետախուզական տվյալ, որը զգալիորեն կարագացներ նրանց ժամանակացույցը։ Այաթոլան պետք է հանդիպում ունենար ռեժիմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ բաց երկնքի տակ, ցերեկային վառ լույսի ներքո եւ լիովին խոցելի օդային հարձակման համար։ Սա Իրանի ղեկավարության սրտին հարվածելու բացառիկ հնարավորություն էր, որը կարող էր այլեւս երբեք չհայտնվել։
Թրամփը Իրանին եւս մեկ հնարավորություն տվեց՝ կնքելու այնպիսի գործարք, որը կարգելափակեր նրա ճանապարհը դեպի միջուկային զենք։ Բայց նախագահն իրականում որոշումը կայացրել էր դեռ շաբաթներ առաջ, նշում են նրա մի քանի խորհրդականներ։ Սակայն նա դեռ հստակ չէր որոշել՝ երբ։ Իսկ հիմա Նեթանյահուն նրան հորդորում էր գործել արագ։
Նույն շաբաթ Քուշները եւ Ուիթքոֆը զանգահարեցին Ժնեւից՝ իրանցի պաշտոնյաների հետ վերջին բանակցություններից հետո։ Օմանում եւ Շվեյցարիայում անցկացված բանակցությունների երեք փուլերի ընթացքում նրանք ստուգել էին Իրանի պատրաստակամությունը գործարք կնքելու հարցում։ Ինչ-որ պահի նրանք իրանցիներին առաջարկել էին անվճար միջուկային վառելիք՝ իրենց ծրագրի ողջ ժամկետի համար. դա յուրօրինակ փորձություն էր՝ պարզելու, թե արդյոք Թեհրանի համառությունը հարստացման հարցում իրոք վերաբերում է քաղաքացիական էներգետիկային, թե՞ ռումբ ստեղծելու հնարավորությունը պահպանելուն։
Իրանցիները մերժել էին առաջարկը։
Քուշները եւ Ուիթքոֆը նախագահին ներկայացրեցին իրավիճակը. հավանաբար, հնարավոր կլինի ինչ-որ համաձայնության գալ, բայց դրա համար ամիսներ կպահանջվեն։ Եթե Թրամփը հարցնում է՝ արդյո՞ք նրանք կարող են նայել նրա աչքերին եւ ասել, որ կլուծեն խնդիրը, ապա Քուշների խոսքով՝ դրան հասնելու համար հսկայական ջանքեր կպահանջվեն, քանի որ իրանցիները «խաղեր են խաղում»։
«Կարծում եմ՝ մենք պետք է դա անենք»
Հինգշաբթի՝ փետրվարի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Իրավիճակային սենյակում սկսվեց եզրափակիչ խորհրդակցությունը: Այդ պահի դրությամբ սենյակում գտնվող բոլորի դիրքորոշումներն արդեն հստակ էին: Ամեն ինչ քննարկվել էր նախորդ հանդիպումների ժամանակ. բոլորը գիտեին միմյանց տեսակետները: Քննարկումը տեւեց մոտ մեկուկես ժամ:
Պատերազմի պլանավորման խումբն այնքան նեղ էր, որ դրանից դուրս էին մնացել երկու առանցքային պաշտոնյաներ, ովքեր պետք է կառավարեին համաշխարհային նավթային շուկայի պատմության մեջ մատակարարումների ամենամեծ խաթարումը՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը եւ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, ինչպես նաեւ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը:
Նախագահը բացեց խորհրդակցությունը հարցով. «Այսպիսով, ի՞նչ ունենք այս պահին»:
Հեգսեթը եւ Քեյնը ներկայացրեցին հարձակումների հաջորդականությունը: Այնուհետեւ Թրամփն ասաց, որ ցանկանում է սեղանի շուրջը պտտվել եւ լսել յուրաքանչյուրի կարծիքը:
Վենսը, ում անհամաձայնությունը քաջ հայտնի էր, դիմեց նախագահին. «Դուք գիտեք, որ այս գաղափարը վատն եմ համարում, բայց եթե Դուք ցանկանում եք դա անել, ես Ձեզ կաջակցեմ»:
Ուայլսը Թրամփին ասաց, որ եթե նա զգում է, որ պետք է առաջ շարժվել հանուն Ամերիկայի ազգային անվտանգության, ապա նա պետք է անի այն:
Ռեթքլիֆը կարծիք չհայտնեց, սակայն քննարկեց նոր՝ ցնցող հետախուզական տվյալներն այն մասին, որ Իրանի ղեկավարությունը պատրաստվում է հավաքվել Թեհրանում՝ այաթոլայի նստավայրում։ ԿՀՎ տնօրենը նախագահին ասաց, որ ռեժիմի փոփոխությունը հնարավոր է՝ կախված նրանից, թե ինչպես կսահմանվի այդ տերմինը։ «Եթե մենք պարզապես նկատի ունենք գերագույն առաջնորդի սպանությունը, ապա, հավանաբար, կկարողանանք դա անել»,- ասաց նա։
Հեգսեթն այսպես արտահայտվեց. իրանցիների հարցը ի վերջո մի օր պետք է լուծվի, ուստի ավելի լավ է դա անել հիմա։ Նա տվեց տեխնիկական գնահատականներ. նրանք կկարողանան իրականացնել արշավը որոշակի ժամկետում՝ ուժերի տրված մակարդակով։
Գեներալ Քեյնը լուրջ էր՝ ուրվագծելով ռիսկերը եւ այն, թե ինչ կնշանակի արշավը զինամթերքի սպառման տեսանկյունից։ Նա կարծիք չհայտնեց. նրա դիրքորոշումն այն էր, որ եթե Թրամփը հրամն արձակի, զինվորականները կկատարեն այն։
Երբ եկավ խոսելու իր հերթը, Մարկո Ռուբիոն արտահայտվեց ավելի հստակ՝ ասելով նախագահին.
«Եթե մեր նպատակը ռեժիմի փոփոխությունն է կամ ապստամբությունը, ապա դա անել չարժե։ Բայց եթե նպատակը Իրանի հրթիռային ծրագրի ոչնչացումն է, ապա մենք կարող ենք դրան հասնել»։
Բոլորը հպատակվեցին նախագահի բնազդներին։ Նրանք տեսել էին, թե ինչպես է նա կայացնում համարձակ որոշումներ, դիմում աներեւակայելի ռիսկերի եւ ինչ-որ կերպ հաղթող դուրս գալիս։ Ոչ ոք չէր պատրաստվում խանգարել նրան հիմա։
«Կարծում եմ՝ մենք պետք է դա անենք»,- ասաց նախագահը: Գեներալ Քեյնը Թրամփին ասաց, որ նա դեռ ժամանակ ունի. «կանաչ լույս»-ը պետք է ստանալ
մինչեւ հաջորդ օրվա ժամը 16:00-ը:
Հաջորդ օրը կեսօրին Air Force One-ի օդանավում գեներալ Քեյնի սահմանած վերջնաժամկետից 22 րոպե առաջ, Թրամփն արձակեց հետեւյալ հրամանը.
««Էպիկական ցասում» գործողությունը հաստատված է: Առանց չեղարկումների: Հաջողությու՛ն»:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: