Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը





Նախ, փորձենք հասկանալ. Ֆիդանի դերակատարումը սահմանափակվում է միայն ԱԳ նախարարի պաշտոնո՞վ, թե՞ նրա դերակատարումը ավելի հեռահար բնույթ ունի:

Հաքան Ֆիդանը ծնվել է 1968 թվականին, ծագումով քուրդ ընտանիքում: Ֆիդանի մայրն է միայն թուրք, հայրը քուրդ է:

Ֆիդանը 1986 թվականին ավարտել է Ցամաքային զորքերի ռազմական ակադեմիան և սկսել է ծառայել Թուրքիայի զինված ուժերում՝ որպես ենթասպա։

Ֆիդանի կրթության և կարիերայի շրջադարձային պահը նրա նշանակումն էր Գերմանիայում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման կորպուսի և գործողությունների ղեկավարի պաշտոնում։ Արտասահմանում ծառայության ընթացքում Հաքան Ֆիդանը ավարտեց Մերիլենդի համալսարանի համալսարանական քոլեջը՝ ստանալով կառավարման և քաղաքագիտության աստիճան։

Թուրքիա վերադառնալուց հետո Հաքան Ֆիդանը 1999 թվականին Բիլքենթի համալսարանում ստացավ միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան: Իր՝ «Հետախուզություն և արտաքին քաղաքականություն. բրիտանական, ամերիկյան և թուրքական հետախուզական համակարգերի համեմատություն» մագիստրոսական թեզում նա ընդգծել էր Թուրքիայի անհրաժեշտությունը՝ արտաքին հետախուզության ուժեղ ցանցի համար:

Ֆիդանը ստացավ դոկտորի կոչում Բիլքենթի համալսարանի նույն ֆակուլտետում՝ 2006 թվականին պաշտպանելով «Դիվանագիտությունը տեղեկատվական դարաշրջանում. տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ստուգման մեջ» թեմայով ատենախոսությունը։

Հետագայում, Ֆիդանը զբաղեցրել էր մի շարք պաշտոններ:

Ֆիդանը ղեկավարել էր Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը (TIKA), որի նպատակն էր ամրապնդել կապերը Թուրքիայի և այլ մուսուլմանական երկրների միջև՝ այդ գործընթացում Թուրքիային դիրքավորելով որպես տարածաշրջանային տերություն։ Հենց այդ ժամանակ էլ Ֆիդանի մոտ առաջ է գալիս տեսնել «Նոր Թուրքիայի» կերպարը, որն էապես կտարբերվեր Աթաթուրքի կողմից նախագծած Թուրքիայից:

2009 թվականի ապրիլի 17-ին Հաքան Ֆիդանը նշանակվեց MIT-ի (MIT-ը Թուրքիայի հետախուզական ծառայությունն է) պետի տեղակալ Էմրե Թաների օգնական, իսկ մեկ տարի անց նա դարձավ թուրքական հետախուզության ղեկավարը։

Հետաքրքիր է, որ Ֆիդանի մասին լավագույն գրքերից է համարվում «Հաքան Ֆիդան՝ Թուրքիայի հնարավոր ապագա նախագահի ուրվագիծ»-ը, որի հեղինակն են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պահեստազորի գնդապետ Գևորգ Մինասյանը և թուրքագետ Անժելա Սիմոնյանը։

Հաքան Ֆիդանը անվտանգության համակարգի արդյունք է։

Ֆիդանին 2010 թվականին, 42 տարեկան հասակում, MIT-ի ղեկավարի պաշտոնում նշանակելն աննախադեպ քայլ էր։ Նա դարձավ Թուրքիայի առաջատար հետախուզական գործակալության պատմության մեջ ամենաերիտասարդ ղեկավարը և անմիջապես սկսեց խորը վերակառուցում։ Ֆիդանի ղեկավարության ներքո մարդկային և էլեկտրոնային հետախուզությունը միավորվեցին, ընդլայնվեցին արտաքին գործողությունները, և ստեղծվեց ազդեցության ենթակառուցվածք, որը սերտորեն կապված էր կրոնական և քաղաքացիական նախագծերի հետ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նրա մտերմությունը դարձավ գրեթե անձնական։ Թուրքիայի նախագահը Ֆիդանին անվանեց «իմ գաղտնիքների պահապանը». արտահայտություն, որը թուրքական քաղաքական մշակույթում նշանակում է բացարձակ վստահություն։

Ֆիդանի հավատարմությունը Էրդողանին մի քանի անգամ փորձության ենթարկվեց։

2016 թվականին՝ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, Հաքան Ֆիդանը կարևոր դեր խաղաց իրավիճակը վերահսկողության տակ պահելու և ուղղահայաց իշխանության կառուցվածքը պահպանելու գործում։

Վերադառնալով Ֆիդանի հետագա կարիերային, նշենք, որ նրան հաջողվեց մեծ վստահություն ձեռք բերել Էրդողանի մոտ և այսօր համարվում է նրա ամենահավանական փոխանորդը:

Ֆիդանը Թուրքիայի ապագա «Պուտի՞նն է»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի ընդգրկումը Գազայի խաղաղության խորհրդում պաշտոնական կադրային քայլ չէ, այլ միտումնավոր քաղաքական ազդանշան. Անկարան ամրապնդում է իր մասնակցությունը Գազայի հատվածի հետպատերազմյան ճարտարապետության ձևավորմանը և այս գործընթացին է հանձնարարում իր արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարներից մեկին։

Հաքան Ֆիդանը շարքային կարիերայի դիվանագետ չէ և չի պատկանում փոխզիջման և արարողակարգային քաղաքավարության դպրոցին։ Նրա նշանակումը որպես արտաքին գործերի նախարար նշանավորեց ավելի լայն գործընթաց՝ թուրքական ազդեցության այն տարբերակի ինստիտուցիոնալացումը Մերձավոր Արևելքում և համաշխարհային քաղաքականության մեջ, որը ձևավորում և խթանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ֆիդանի՝ 2023 թվականի հունիսին Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնից Արտաքին գործերի նախարարություն տեղափոխվելը նշանավորեց թուրքական քաղաքականության «ստվերային ճարտարապետի» ի հայտ գալը համաշխարհային դիվանագիտության հանրային ասպարեզում: 13 տարվա ընթացքում Ֆիդանը հետևողականորեն հետախուզական ծառայությունը օժանդակ գործիքից վերածեց արտաքին քաղաքականության հիմնական լծակի: Հենց այս ժամանակահատվածում էլ Թուրքիան վերջնականապես հրաժարվեց տարածաշրջանային դերակատարի իր ԱՄՆ-ի շարքային կատարողի դերից և սկսեց կերտել իր սեփական, ինքնուրույն գործողությունների ընթացքը՝ Սիրիայից և Իրաքից մինչև Արևելյան Միջերկրական ծով և Երուսաղեմ:

Ֆիդանին Իսրայելում համարում են իրենց ամենավտանգավոր հակառակորդը

Արևելյան Երուսաղեմը հատուկ տեղ է զբաղեցնում նրա կենսագրության մեջ։ Նույնիսկ MIT-ի ղեկավար նշանակվելուց առաջ, Ֆիդանը ղեկավարել է Թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունը, որի միջոցով Անկարան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներդրել շենքերի վերականգնման, կրոնական կառույցների աջակցության և մարդասիրական նախագծերի մեջ։ 2010 թվականից հետո այս ենթակառուցվածքը վերաիմաստավորվեց և օգտագործվեց որպես ավելի ակտիվ, գաղտնի ներկայության հիմք։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ստանձնելուց հետո Ֆիդանը չհրաժարվեց այս մոտեցումից, այլ ավելի շուտ այն պաշտոնականացրեց դիվանագիտորեն: Գազայի պատերազմից հետո Իսրայելի նկատմամբ նրա կոշտ հռետորաբանությունը, էքսպանսիոնիզմի մեղադրանքները, «տարածաշրջանի սահմանները վերաձևելու փորձերի» մասին հայտարարությունները և Արևելյան Միջերկրական ծովում Իսրայելա-հունա-կիպրական առանցքի բացահայտ քննադատությունը դարձան ավելի լայն հասկացության մաս, որն ավելի ու ավելի հաճախ անվանում են «Թուրքական առանցք»՝ Անկարայի դիրքավորումը որպես անկախ ուժի կենտրոն, որը ինտեգրված չէ ո՛չ արևմտյան դաշինքների, ո՛չ էլ մերձավորարևելյան դաշինքների մեջ:

Ֆիդանը նույնքան վճռական է եղել Սիրիայում։ Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից հետո՝ 2024 թվականի վերջին, նա ավելի նախաձեռնողական դիրքորոշում է ընդունել՝ քննադատելով Իսրայելի գործողությունները Սիրիայում և գնահատականներ տալով քրդական ուժերի և արտաքին գործիչների միջև փոխազդեցության հնարավոր ձևերի վերաբերյալ, ինչը, Անկարայի կարծիքով, ազդում է ինքնիշխանության և սիրիական պետականության ապագայի հարցերի վրա։

Նրա հայտարարությունները Դամասկոսում և արաբական լրատվամիջոցներում հստակ ցույց են տալիս, որ Անկարան Սիրիան դիտարկում է որպես իր տարածաշրջանային անվտանգության հիմնական տարր և չի մտադրվում հանդուրժել արտաքին միջամտությունը, եթե դա համաձայնեցված չէ Թուրքիայի հետ։

Այս ֆոնի վրա Հաքան Ֆիդանի ընդգրկումը Գազայի խաղաղության խորհրդում ձեռք է բերում հատուկ նշանակություն։ Սա այլևս բարի կամքի դրսևորում կամ միջազգային կոնսենսուսի համար փոխզիջում չէ, այլ ինստիտուցիոնալ ճանաչում է այն բանի, որ Թուրքիան և անձամբ Հաքան Ֆիդանը դառնում են Գազայի հետպատերազմյան կարգի ճարտարապետներից մեկը։

Արևմտյան վերլուծաբանների կարծիքով, Հաքան Ֆիդանի արտաքին քաղաքականության ոճը ձևավորվել է ազգային անվտանգության ոլորտում նրա փորձով, ինչը արտացոլվում է ինստիտուցիոնալ կապերի և երկարաժամկետ ռազմավարական պլանավորմանը նրա ուշադրության մեջ։

Զարմանալի չէ, որ իսրայելական քաղաքական շրջանակները նրան համարում են Իսրայելի ամենավտանգավոր թշնամիներից մեկը:

Ըստ հրեա գործիչների՝ ի տարբերություն Էրդողանի, Ֆիդանը կոշտ դիրքորոշում է որդեգրել արտաքին քաղաքականության հարցում, այդ թվում՝ Իսրայելի նկատմամբ։ Նա հայտնի է հրեական պետության նկատմամբ իր ծայրահեղ թշնամանքով՝ հայտարարելով, որ Իսրայելը պետք է «անհետանա», և միանշանակ դիրքորոշում է որդեգրել պաղեստինյան խմբավորումների, մասնավորապես՝ Համասի աջակցության հարցում։

Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր իրականում այն ուղղված

Շատերը, հատկապես Հայաստանում, չեն հասկանում, թե ինչու Ֆիդանը որոշեց աջակցության հայտարարությամբ հանդես գալ Փաշինյանի հասցեին:

Շատերը նույնիսկ կարծում են, որ Ֆիդանը իր հայտարարությամբ վնաս տվեց Փաշինյանին:

Սակայն Ֆիդանի հայտարարությունն ուղղված չէր հայ հանրությանը: Ավելին, Ֆիդանը շատ լավ գիտի, թե ինչ են մտածում Հայաստանում Թուրքիայի մասին, սակայն հայերի տեսակետը նրա համար գրոշի արժեք չունի:

Նա կողմնորոշվում է Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլերի այն կարծիքով, որ «հայերը գյաուր են, և իրենց հետ հնարավոր է փողի միջոցով պայմանավորվել նույնիսկ իրենց Հայրենիքի հաշվին»:

Ֆիդանի մոտեցումները հենց այդ համատեքստում են, և նա իլյուզիա չունի, որ հայերը մի օր դրական կվերաբերվեն Թուրքիային:

Այլ հարց է, որ Թոուրքիան Փաշինյանի միջոցով կարողանում է փոխել Հայաստանի տեղն ու դերը, անկախ նրանից, թե ինչ են մտածում այդ մասին Հայաստանում:

Ֆիդանի համոզմամբ, 2018-ից հետո Հայաստանը հայտնվել է իր ուշադրության տիրույթում: Իսկ 2020 թվականի պատերազմից հետո, Հայաստանը դադարել է տարածաշրջանային սուբյեկտ լինել:

Իսկ 2021-ի ընտրության արդյունքում Փաշինյանին հաջողվել է լեգիտիմացնել Հայաստանի այս կարգավիճակը:

Սակայն, քանի որ Անկորիջում Թրամփն ու Պուտինը լայն համաձայնության շուրջ պայմանավորվածությունների են եկել, իսկ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հայեցակարգում կովկասյան տարածաշրջանի մասին, գրեթե ոչինչ չկա, Ֆիդանը փորձում է ձեռնոց նետել Մոսկվային, նշելով, որ վիճարկում է Հայաստանի տեղն ու դերը, որպես Մոսկվայի ազդեցության գոտի:

Ֆիդանի համոզմամբ՝ Հայաստանում, Փաշինյանի միջոցով նա կկարողանա կոտրել Թրամփի և Պուտինի կարծրատիպերը և կհասնի իր նպատակին:

Պետք է նշել, որ Ֆիդանի կողմից նման հայտով հանդես գալը հասկանալի է, մանավանդ, տեսնելով, թե Հայաստանում ինչ հետադիմական և հնամաշ քաղաքական վերնախավ է հաստատված:

Միայն նման վերնախավի պարագայում էր հնարավոր, որ Ֆիդանը հույս ունենար Փաշինյանի միջոցով փորձել փոխել տարածաշրջանի ուղենիշը:

Սակայն այսօր, Հայաստանում, արդեն շատերն են սկսել հասկանալ, որ երկրին անհրաժեշտ է նոր առաջնորդություն, որպեսզի Հայաստանը կարողանա դիմակայել այն մարտահրավերները, որոնք կանգնած են իր առջև:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am


Leave a comment