Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի զոհերի սխալ թիվ է հնչեցրել՝ պաշտոնական թվից 137-ով ավելի 

Հասարակություն

10.04.2026 | 14:13

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ապրիլի 6-ի ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պատերազմում զոհված անձանց թիվը 3970 է։

«Մենք ունենք 3970 զոհված, չնայած նույն Սերժ Սարգսյանը և Զատիկի տեսահոլովակ դրած Ռոբերտ Քոչարյանը տալիս են 5000 զոհ՝ 1000 զոհով ավելացնում է, մի քիչ ավելի։ Այդ հազարը ձեր հոր տանից եք բերե՞լ այդ երեխեքին»,- նշել է  նա։

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովից Factor TV-ին փոխանցեցին, որ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցում շփոթվել է, և հավելեցին, որ զոհվածների թիվը 3833 է, իսկ անհետ կորածներինը՝ 191։

ՀՀ քննչական կոմիտեն Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան վերահաստատեց, որ   պատերազմում զոհված անձանց թիվը 3833 է, իսկ անհետ կորած անձինք 191-ն են։ Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած թիվը զոհված անձանց հրապարակված թվից 137-ով ավելի է։

Դեռ 2025 թ. նոյեմբերի 7-ին Քննչական կոմիտեն Factor TV-ին հայտնել էր, որ զոհերի թիվը 3833 է։ Նույն ժամանակահատվածում Քննչական կոմիտեի քննիչն այլ լրատվամիջոցներին մեկ այլ թիվ էր հայտնել (3981) և սխալ տվյալ փոխանցելու համար ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության։

Պաշտոնատար անձանց կողմից պարբերաբար հնչում են 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ հակասական տվյալներ. չնայած դրան՝ զոհվածների անվանական ցանկը մինչ օրս հրապարակված չէ։

 

Մարիա Խաչատրյան

Leave a comment