Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաների կողաշրջման հետևանքով «Գյումրի» ԲԿ տեղափոխված հինգ երեխաներից երկուսը մահացած են եղել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեցին բժշկական կենտրոնի լրատվության բաժնից.
«Ապրիլի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տարբեր մարմնական վնասվածքներով քաղաքացիներ են ընդունվել Գյումրու բժշկական կենտրոն։ Հինգ անչափահաս քաղաքացիներից երկուսը, ցավոք, արդեն մահացած են եղել։ Մյուս երեք անչափահասների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը տեղափոխվել է Երևան, իսկ երկուսի տեղափոխումը գտնվում է կազմակերպման փուլում։
Նույն ժամանակահատվածում Գյումրու բժշկական կենտրոն է ընդունվել նաև երեք չափահաս քաղաքացի։ Նրանցից մեկը մահացած է եղել, մյուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և կազմակերպվում է նրա տեղափոխումը Երևան, իսկ երրորդ տուժածի վիճակը բժիշկների կողմից կայունացվում է։ ՀՀ առողջապահության նախարարությունը գտնվում է մշտական կապի մեջ Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավարության հետ՝ տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ այսօր ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- նշվում էր հաղորդագրության մեջ։
Ռոզա Վարդանյան