«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործն արդեն դատարանում է։ Դեռևս դատական նիստեր չեն կայացել, բայց գործով դատավոր Վարդգես Սարգսյանն արդեն ինքնաբացարկ է հայտնել։
Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը նշել է․ «Ըստ որոշման, այդ գործով մեղադրյալներից մեկը բարեկամական կապ ունի դատավոր Վարդգես Սարգսյանի հետ»։
Գործը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։
«Իր մոտ ունեցել եմ դատական նիստեր, սպասումներս դրական են, ունեցածս փորձը ցույց է տվել, որ բավականին օբյեկտիվ դատավոր է։ Տպավորություններս դրական են, ակնկալում եմ, որ կլինի օբյեկտիվ դատաքննություն և Խաչիկ Գալստյանը վերջնականապես կարդարացվի»,- ասել է Բաբայանը։
Դատական նիստի օր դեռևս նշանակված չէ։
Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ին դատարանի որոշմամբ, Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։