Կառավարությունը հաստատել է ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:
Ծրագրի նպատակն է` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել մատչելի պայմաններով ագրոպարենային ոլորտում ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսական ու ագրովերամշակված արտադրանքի արտադրության կազմակերպմանը եւ արտադրանքի ծավալների ավելացմանը:
Վարկերը կտրամադրվեն դրամով, անկանխիկ եղանակով: Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է՝ 1-2 մլն դրամ, ընդ որում, նույն շահառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։ Վարկի հետ կապված ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում: Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից: Վարկը տրամադրվում է տարեկան մինչեւ 14% փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%:
Վարկի մարման ժամկետը մինչեւ 3 տարի է: Վարկի մայր գումարի եւ տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 6 ամիս տեւողությամբ: Որոշման ընդունմամբ՝ նախատեսվում է, որ 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկ, որի սուբսիդավորման համար 2026 թվականին կպահանջվի շուրջ 2 մլրդ դրամ: