«Գարունի» շապիկների ցուցահանդես. կենդանի հանդիպում անցյալի հետ

2026 թվականի ապրիլի 8-ին «Էպիգրաֆ» գրախանութում (Մաշտոցի 43) Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ բացվել է «Գարուն» ամսագրի շապիկների ցուցահանդեսը՝ դառնալով կենդանի հանդիպում անցյալի հետ։ 
«Գարունը» պարզապես ամսագիր չէր, այն հարթակ էր, որտեղ ժամանակը խոսում էր իր ամենաբաց, երբեմն նաեւ հակասական ձայնով՝ փորձելով տարբերել ճշմարտությունը աղմուկից, արվեստը՝ գաղափարախոսությունից։ 
Սրահում հավաքվել էին «գարունականները»՝ գրողներ, խմբագիրներ, նկարիչներ, ընթերցողներ, որոնց համար «Գարունը» եղել է ուղենիշ կամ սպասված հրաշք։ 
Պատմությունները ոչ միայն անձնական հիշողություններ էին, այլեւ մի ամբողջ մշակութային երեւույթի կենդանի վերակազմություն։
Արքմենիկ Նիկողոսյան. ««Գարունը» այն ճանապարհն էր, որով հասա ժամանակակից գրականությանը» 
«1988-ին արդեն կարդացել էի տան ու գյուղի գրադարանի գրեթե բոլոր գրքերը, ու ինձ սկսեց հուզել մի պարզ ու հիմար հարց՝ իսկ ժամանակակից գրողներ կա՞ն». Բացման խոսքում ասաց երեկոյի վարող գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: 
Այդ հարցի պատասխանը գտնելու փորձը նրան տարել էր գյուղի փոստ, որտեղ էլ առաջին անգամ լսել էր «Գարունի» մասին եւ անմիջապես բաժանորդագրվել։
«Իմ առաջին համարը 1988-ի հինգերորդն էր, որտեղ տպագրված էր Լեւոն Խեչոյանի գործը։ Բայց, անկեղծ ասած, այդ տարիքում ինձ ավելի շատ տպավորել էր ոչ թե տեքստը, այլ նրա լուսանկարը, որը երկար ժամանակ պահում էի», – պատմեց նա։
Խոսելով ցուցահանդեսի առանցքային բաղադրիչներից մեկի՝ շապիկների մասին, Արքմենիկ Նիկողոսյանը նշեց. 
«Դրանք առանձին պատմություն են, հատկապես 60-70-ականներին, երբ հաճախ արվեստի գործեր էին դառնում։ Իմ ամենասիրելին 1990-ի առաջին համարն է՝ «Հայաստանի Հանրապետություն» գրությամբ»։
Մարինե Պետրոսյան. «Գարունը» մի ամբողջ միջավայր էր» 
«Կարծում եմ՝ այսօր մարդիկ լավ չեն պատկերացնում, թե ինչ էր «Գարունը»։ Խորհրդային Հայաստանում դա մի հարթակ էր, որտեղ գրականությունն ու հրապարակախոսությունը միաձուլվում էին։ 
Միջավայր էր, որը, իմ տպավորությամբ, ԽՍՀՄ այլ հանրապետություններում չկար», – ասաց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը:
Սկսել էր գրել դպրոցում, սակայն տպագրվելու մասին չէր մտածում։
«Ինձ թվում էր՝ պետք է հասնել մի մակարդակի, նոր միայն հրապարակվել։ Իսկ «Գարունը» այդ ընթացքում դարձավ ոչ միայն նպատակ, այլեւ ներշնչանքի աղբյուր»,- պատմեց նա։
Արքմենիկ Նիկողոսյանը առանձնացրեց Մարինե Պետրոսյանի գրական մուտքը. 
«Ընդունված էր, որ երիտասարդ հեղինակները տպագրվեն մեկ բանաստեղծությամբ, բայց Մարինե Պետրոսյանին «Գարունը» հատկացրել էր երկու ամբողջական էջ. դա բացառիկ դեպք էր»:
Կարինե Խոդիկյան. «Երազում էի աշխատել «Գարունում»» 
Կարինե Խոդիկյանի պատմությունը սկսվում է Ախալքալաքից՝ մանկության համառ սպասումից. 
«Օրը մեջ շուկայի կրպակ էի մտնում՝ ամսագիրը գտնելու համար։ Վաճառողը մի օր ասաց՝ եթե էլի եկար, ոտքերդ կջարդեմ»։
«Գարունը» պարզապես տպագիր հարթակ չէր, այլ որակի չափանիշ. «Մեզ մոտ «խնամի-ծանոթ» չի եղել։ Եթե զգացել ենք՝ սա «Գարունի» հեղինակ է, անպայման տպագրվել է»։
Կարինե Խոդիկյանի առաջին հրապարակախոսական նյութը Գյումրիի դպրոցական թատրոնի մասին պատմությունն էր երկրաշարժից հետո։ «Ես ապրեցի այդ մարդկանց կյանքը, նրանց կորուստը դարձավ իմը», – հիշում է Կարինե Խոդիկյանը։ Այդ հոդվածը բացեց ճանապարհը դեպի խմբագրություն։
Հիշում է խմբագրության մթնոլորտը՝ խառնաշփոթ, կենդանի, ստեղծագործական: 
Կարինե Խոդիկյանի խոսքում առանձնահատուկ տեղ ուներ նաեւ «գարունականների» կերպարը՝ «գալիս էին երիտասարդ, ըմբոստ, տաղանդավոր եւ դառնում էին մերը»։
«Գարունի» խմբագրության ամենակենդանի տարածքներից մեկը նկարիչների սենյակն էր.
«Հերթական ախմախ հոդվածը կամ հրաշալի գործը կարդալուց հետո մտնում էինք նկարիչների սենյակ՝ Led Zeppelin-ը բարձր միացրած, պատերին՝ ինչ ուզեք նկարած էր: Հատուկ տեղում Գրիգոր Խաչատրյանի հայտնի «Մանիֆեստն» էր: Այնտեղ իմանում էինք վերջին նորությունները, լսում նոր ձեռք բերված ձայնագրությունները»։
 
«1990-ին որոշեցինք փայտ գնել, որ գոնե խմբագրի սենյակում վառարան դնենք։ Պարզվեց՝ փայտը թաց է։ Ամեն օր վառում էինք վառարանը Լենինի հատորներով, ծուխը լցվում էր սենյակ, պատուհանները բացում էինք, դուրս էինք գալիս, սպասում, հետո վերադառնում ու աշխատում ավելի սառը սենյակում», – ծիծաղելով հիշում է Կարինե Խոդիկյանը։
Այդ տարիներին աշխատանքային ռիթմը ամբողջությամբ փոխված էր. 
«Լույս չկար։ Երեկոյան 7-ին էին տալիս, մենք աշխատում էինք մինչեւ 10-11-ը, հետո մի կերպ տուն էինք հասնում»:
Գրիգոր Խաչատրյան. «Չկա մի համար, որ ասեմ՝ ամբողջությամբ ստացվել է» 
«Գարուն»-ի նկարիչ Գրիգոր Խաչատրյանն ասում է, որ չի կարող առանձնացնել մի համար, որն ամբողջությամբ հաջողված համարի։
Այն տարիներին բոլոր աշխատանքները կատարվում էին «ձեռքով»: «Պետք էր շաբաթներով մոնտաժ անել տպարանում, «հավաքել» համարը», – հիշում է նա:
Ժամանակի ընթացքում փոխվեց նաեւ ամսագրի գեղարվեստական լեզուն. 
«Սկզբում ավելի հովվերգական մոտիվներ էին՝ թե բանաստեղծների, թե նկարիչների մոտ։ Երբ սկսվեց 1988-ի Շարժումը, մենք մտանք քաղաք, մտանք իրականություն, եւ այդ հովվերգական շրջանը ավարտվեց»։
Մերուժան Տեր-Գուլանյան. ««Գարունը» իմ կյանքի լավագույն ժամանակն էր» 
Ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանն ասում է, որ «Գարունը» ոչ թե աշխատավայր էր, այլ իր ամբողջ կյանքը։
Նրա ճանապարհը դեպի խմբագրություն սկսվել է համալսարանն անգամ չավարտած, երբ «Գարունի» գլխավոր խմբագիր Վարդգես Պետրոսյանը, կարդալով նրա հոդվածը, հրավիրել էր աշխատանքի.
«Կես հաստիքով ընդունեց։ Նստում էինք մի սենյակում՝ Մուշեղ Գալշոյանի հետ։ Ինքը 60 ռուբլի էր ստանում, ես՝ 65, որովհետեւ վարձով էի ապրում»։
«Գարունում» Մերուժան Տեր-Գուլանյանը ճանապարհ անցավ գրական աշխատողից մինչեւ գլխավոր խմբագիր։
«Վարդգես Պետրոսյանը հրաշալի հիմք դրեց», – ասում է նա՝ հավելելով, որ իր գլխավոր խմբագիր դառնալը այդ շարունակականության մաս էր։
Վլադիմիր Մկրտչյան. «Խմբագրությունը սրբատեղի էր» 
Վլադիմիր Մկրտչյանի մուտքը «Գարուն» պատահականություն էր: Ուսանող էր, փոխարինում էր Պոլիտեխնիկի թերթի հիվանդ լուսանկարիչին։ Որոշ կադրեր տարավ «Գարուն», որոնցից մի քանիսը հայտնվեցին ամսագրի շապիկներին։
«Խմբագրությունն ինձ համար ասես սրբատեղի լիներ։ Ջահել տղա էի, իսկ այնտեղ՝ մեծ մարդիկ», – ժպտում է նա։
Լուսանկարները հաճախ ծնվում էին պատահական հանդիպումներից եւ սպասումներից՝ երկու քույրերի դիմանկար կամ Աբովյանում միջոցառման կադրեր։
«Բնություն, մարդիկ, մանրուքներ, անգամ՝ բուսաբանական այգու նստարան։ Մարդիկ անցնում էին, չէին նկատում, բայց նրանք ինձ համար պատկերներ էին»։
Հուսիկ Արա. «Եթե գարունական ես, երբեք «Գարունից» չես հեռանում» 
««Գարունական» լինում են էությամբ։ Եթե մարդը «գարունական» է, դա ամբողջ կյանքում իր մեջ է, ինքը երբեք «Գարունից» չի հեռանում», – ասում է բանաստեղծ Հուսիկ Արան։
Մտովի վերադառնում է դպրոցական տարիներ՝ գյուղական իրականություն, որտեղ «Գարունը» ձեռք բերելը ինքնին պայքար էր։
«Հերթ էինք կանգնում, որ մի օրով վերցնենք, կարդանք ու փոխանցենք։ Բաժանորդագրվել չէինք կարող, դժվար էր», – հիշում է նա։
«Տարիներ շարունակ իմ բանաստեղծությունների կառուցվածքը «Գարունի» չափերով էր՝ երկու էջ, երկու սյուն։ Նույնիսկ հիմա այդ ձեւը, ոճը պահպանվել է», – պատմում է Հուսիկ Արան։
Այսօր էլ, երբ անցնում է նախկին խմբագրության շենքի մոտով, չի կարող անտարբեր մնալ. 
«Գարունն» ամբողջ կյանքում քեզ հետ է։ Դա էություն է, հոգեկերտվածք, որը սերունդներ է ձեւավորել»:
Ցուցահանդեսը «Էպիգրաֆ» գրախանութում (Մաշտոցի 43) գործելու է մինչեւ գարնան վերջ՝ մայիսի 31-ը:
Աստղիկ Հովհաննեսով
Լուսնկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment