Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի հերթական նիստը


ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կայացել է ապրիլի 9-ին Երևանում: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


Նիստը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նախագահ, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի ագրարային, բնօգտագործման և գյուղական տարածքների զարգացման հարցերի հանձնաժողովի քարտուղար Օլգա Բուլավկինան:


ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն  տարիներ շարունակ եղել է արդյունավետ հարթակ՝ ազգային օրենսդրությունների կատարելագործմանը և արդիականացմանը վերաբերող հարցերի քննարկման համար:


Հանձնաժողովի նախագահը շեշտել է, որ ներկայում ագրարային քաղաքականությունը տնտեսության կայուն զարգացման առանցքային գործիք է, որն ապահովում է հավասարակշռություն գյուղական տարածքների զարգացման, պարենային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության միջև: Նա ընդգծել է, որ Հայաստանում մեծ նշանակություն է տրվում նշված ուղղությունների զարգացմանը. դրանք երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություններից են:


Վահե Ղալումյանը մասնակիցներին մաղթել է կառուցողական աշխատանք և արդյունավետ քննարկումներ:


Նիստի ընթացքում քննարկվել են ագրարային քաղաքականությանը, բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը, բնապահպանության ոլորտին վերաբերող արդիական հարցեր:


Հանձնաժողովը նաև քննարկել ու ընդունել է ոլորտին վերաբերող մի շարք մոդելային օրենքների նախագծեր:


Նիստի մասնակիցներն ու փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Դիտումների քանակ2

Leave a comment