Երեւանի պետական համալսարանի 12 ուսանող հաջողությամբ ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում ու զարգացրել ֆինանսական ոլորտում աշխատելու համար մրցակցային գործնական հմտություններ։
Բանկի եւ բուհի միջեւ կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետից ուսանողներ ամեն տարի իրենց ուսումնական պրակտիկան են անցնում բանկում, իսկ բանկի թիմը կիսվում է փորձով ու մասնագիտական խորհուրդներով։
Բիբլոս Բանկ Արմենիայում ուսումնական պրակտիկան անցնելիս ուսանողները ներգրավվել են ամենօրյա աշխատանքներում՝ տեսական գիտելիքն ամրապնդելով նաեւ գործնական առաջադրանքներով։ Նրանց բաշխումն ըստ ստորաբաժանումների իրականացվել է՝ հաշվի առնելով պրակտիկայի թեմաներն ու դիպլոմային աշխատանքների ուղղվածությունը, ապահովելով անհատական մոտեցում եւ արդյունավետ ուսումնառություն։
Այս տարի բանկը երիտասարդներին հյուրընկալել է փետրվարի 2-ից մարտի 13-ը, որի ընթացքում նրանք սովորել ու աշխատել են տարբեր ստորաբաժանումներում՝ ներառյալ սպառողական գործառնությունների ու համապատասխանության բաժիններում եւ մասնաճյուղերում։
Բանկում պրակտիկա անցնող մասնակիցների մեջ էին նաեւ Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ ստացած ուսանողներից մի քանիսը, որոնք նույնպես ծանոթացել են բանկի գործունեությանը եւ կարիերայի հնարավորություններին։
Պրակտիկայի ընթացքում ուսանողները մասնակցել են նաեւ բանկի պրոդուկտների, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջոցառումների, բրենդի եւ բանկի արժեքների վերաբերյալ մասնագիտական դասընթացների։
Ծրագրի ավարտին ուսանողների հետ հանդիպել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն ու պատասխանել նրանց հարցերին, կիսվել մասնագիտական փորձով։
Կրթությունը բանկի ԿՍՊ ռազմավարության կարեւոր ուղղություններից է։ Բանկը շարունակաբար ստեղծում է զարգացման հնարավորություններ երիտասարդների համար՝ դիտարկելով լավագույններին նաեւ ապագա աշխատակիցների շարքում։