Գուսմանը հիշել է «բարձրագույն երջանկության պահը» եւ մեկնաբանել ազատումը ՏԱՍՍ-ից

Երեւան: Մեդիամաքս: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանը հայտարարել է, որ «պատերազմել է» Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին:

Azertac գործակալությունը մեջբերում է Գուսմանի խոսքերը՝ Բաքվում կայացած ստեղծագործական երեկոյի ժամանակ.
«Մենք պատերազմում էինք՝ յուրաքանչյուրս իր ճակատում: Ինձ համար այդ 44 օրերը ճշմարտության ժամանակաշրջան դարձան: Այս պատերազմի գլխավոր արդյունքը նույնիսկ վերադարձված հողերը չեն, այլ վերադարձված արդարության զգացումը: 
30 տարի մեզ վերեւից նայելով խորհուրդ էին տալիս «համակերպվել» եւ «դադարել ապրել անցյալով»: Բայց ես երբեք չեմ հավատացել Հայրենիքի վերադարձի խաղաղ ճանապարհին: Երբ Գերագույն գլխավոր հրամանատարը տվեց հարձակման հրամանը, դա բարձրագույն երջանկության պահ դարձավ ինձ համար»:
Միխայիլ Գուսմանը նշել է, որ 2025 թվականն իր համար առանձնահատուկ էր, սակայն հուլիսի 29-ը, երբ իրեն ազատեցին ՏԱՍՍ գործակալությունից, «դառնահամ բալ էր՝ ոչ այնքան քաղցր տորթի վրա»: 

Leave a comment